Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքը մերժվեց. դատավոր Ազարյանը իրեն վիրավորելու համար հաղորդում կներկայացնի |armtimes.com|
06:52 - 18 մայիսի, 2019

Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքը մերժվեց. դատավոր Ազարյանը իրեն վիրավորելու համար հաղորդում կներկայացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր մերժեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու պաշտպանական կողմի բողոքը:

Պաշտպանական կողմը պահանջում էր նոր հանգամանքով վերանայել Ոսերչյանի գործով 2009 թվականին դատարանի կողմից կայացրած որոշումները: Մասնավորապես, Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը գործի վերանայման հիմքում որպես նոր հանգամանք դրել էր 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:

Եվրոպական դատարանը ճանաչել է Ոսկերչյանի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտումը, գտել է, որ կալանավորման անհրաժեշտ եւ բավարար պատճառներ ներպետական դատարանները չեն ներկայացրել: Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին վճարել է 3000 եվրո գումար: Պաշտպանական կողմը գտնում էր, որ ներպետական ատյանները նույնպես պետք է արձանագրեն Ոսկերչյանի իրավունքի խախտումը:

Մինչ մերժման որոշումը դատարանում այսօր շարունակվեց բողոքի քննությունը: Դատական նիստին, սակայն, չէր ներկայացել Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Դատավոր Մհեր Արղամանյանն ասաց, որ Շուշանյանը դատարանի աշխատակազմին հայտնել է, որ ինքն այլ գործով քաղաքից բացակայում է, միաժամանակ հայտնել է, որ չի առարկում, որպեսզի բողոքի քննությունը շարունակվի իր բացակայության պայմաններում:

Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել բողոքը քննող դատավորներից երկուսին՝ Մհեր Արղամանյանին եւ Ալեքսանդր Ազարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, որն այսօր դատարանը հրապարակեց:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ ինքնաբացարկ հայտնելու հիմքերի մասով.
Ըստ պաշտպան Մուշեղ Շուշանյանի՝ դատավոր Ազարյանը, 2008-2009թթ.-ին լինելով Երեւանի քրեական դատարանի եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի իրավասության դատարանի դատավոր, քննել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ պաշտպանի գնահատմամբ՝ «շինծու» քրեական մեղադրանքներով մեղադրվող մի շարք անձանց գործեր, խախտելով նրանց հիմնարար իրավունքները, մասնավորաբար՝ խաղաղ հավաքների ազատության, ազատության եւ անձեռնմխելիության, արդար դատաքննության, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքները, նրանց բոլորին ապօրինաբար դատապարտել է երկարաժամկետ ազատազրկումների։

Շուշանյանը միջնորդության մեջ հիշատակել է Մարտի 1-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարված Արամ Բարեղամյանի գործով դատավճիռը: «Դատավոր Ա. Ազարյանը հաստատված է համարել մասնավորապես, որ Արամ Բարեղամյանը, ներգրավվելով օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումների կազմակերպմանը, 2008 թվականի փետրվարի 20-ից հավաքագրել, ֆինանսավորել, Երեւան է փոխադրել Հրազդանի եւ հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչների՝ ապահովելով նրանց մասնակցությունը վերը նշված միջոցառումներին։

Այնուհետեւ՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Արամ Բարեղամյանը բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ ձողով հարվածել է վերջինիս գլխին եւ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»:

Նպատակ չունենալով խորությամբ ներկայացնել Բարեղամյանի իրավունքների խախտումների վերաբերյալ գործում առկա փաստերը՝ նշեմ միայն, որ դատավոր Ազարյանը անտեսելով, որ Բարեղամյանը ինքն է հարված եւ մարմնական վնասվածք ստացել, նրա կողմից ոստիկանին հարվածելու փաստը հիմնավորված է համարել բացառապես ոստիկանների հակասական եւ անարժանահավատ ցուցմունքներով եւ Բարեղամյանի ցուցմունքները բացարձակապես անտեսելու գնով»,- նշել է Մուշեղ Շուշանյանը, ապա հավելել.

«Էլ ավելի խայտառակ փաստերի կհանդիպենք դատավոր Ազարյանի կողմից քննված Մարտի 1-ի այլ գործերով։ Մասնավորապես՝ դատավոր Ազարյանը «չի նկատել» ոստիկանների կողմից խոշտանգվելու հետեւանքով հաշված Ֆելիքս Գեւորգյանի ծանր մարմնական վնասվածքները եւ նրան դատապարտել է վերջնական 7 տարի ժամկետով ազատազրկման՝ ակնհայտ շինծու եւ հորինված մեղադրանքով, եւ հիմնվելով խոշտանգումների ազդեցության ներքո նախաքննության ընթացքում նրանից կորզված «ինքնախոստովանական» ցուցմունքի վրա»:

Ըստ Շուշանյանի՝ վերոնշյալ իրավունքների խախտումները կրել են համակարգային բնույթ, դրանք չեն եղել առանձին գործերով խախտումներ եւ բնորոշ են եղել Մարտի 1-ի գրեթե բոլոր գործերին։

«Մարտի 1-ի գործեր քննած եւ անմեղ անձանց քաղաքական պատվերի շրջանակում քաղաքական շարժառիթներով եւ քաղաքական նպատակով դատապարտած դատավորները գործել են որպես արտակարգ դատարաններ, նրանք կատարել են օրվա քաղաքական իշխանության պատվերը, նրանք հանդես չեն եկել որպես արդարադատության ատյան, հետեւաբար՝ ՄԻԵԴ վճիռների հիմքով 2008-2009թթ.-ին կայացված դատական ակտերի վերանայումներին նրանք չեն կարող մասնակցել որեւէ պարագայում, քանի որ չեն համարվում «անաչառ դատարան», ակնհայտ կանխակալ վերաբերմունք են դրսեւորել 2008-2009թթ.-ի «դատավարությունների» ընթացքում»,- նշել է պաշտպանը:

Վերջինս միջնորդության մեջ գրել է նաեւ Ազարյանի՝ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցը, որտեղ Ազարյանը, պատասխանելով լրագորղի հարցին, նշել է. «Իսկ ովքե՞ր են քաղբանտարկյալները, մի հատ ասեք՝ ես էլ հասկանամ, չափանիշն ո՞վ է որոշում, բացի Եվրոպական դատարանից, ես չգիտեմ, ինչ-որ իրավապաշտպա՞ն է որոշում «քաղբանտարկյալ» հասկացությունը»:

Շուշանյանի խոսքով՝ սրանով դատավոր Ազարյանը քաղաքական հայտարարություններ է կատարել եւ դրանք ուղղված են նույն Մարտի 1-ի գործերով նախկինում իրականացված քաղաքական նպատակով հետապնդումների ենթարկված անձանց դեմ։ «Դատավոր Ա. Ազարյանը ոչ միայն չի ճանաչում այդ ապօրինի հետապնդումների փաստը, այլ ամեն գնով պատրաստ է արդարացնել այդ հետապնդումները, որովհետեւ հենց ինքը ներգրավված է եղել այդ հետապնդումների գործընթացին»,- նշել է պաշտպանը:

Շարունակությունը՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել