epress.am: Ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը հանրային լայն հնչեղություն ստացավ: Պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը հեղինակել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից: Նրանց ընդդիմախոսները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանն օրինագիծը խիստ ռիսկային են համարում։ Վերջիններս կոչ արեցին ազնիվ լինել և պարզ ասել, որ տվյալ փոփոխություններն անհրաժեշտ են՝ Ազգային անվտանգության ծառայության՝ իշխանությունների վերահսկողությունից դուրս լինելու հարցը լուծելու համար։

Արմեն Խաչատրյանի պնդմամբ՝ տվյալ օպերատիվ֊հետախուզական միջոցառումը թույլատրվում է իրականացնել միայն դատարանի որոշմամբ ու միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով։ Իսկ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառումն, ըստ նրա, միայն գաղտնալսումը չէ․ «Դա ինտերնետ հասցեատիրոջ որոշոշումն է, հեռախոսի գտնվելու վայրն է։ Նաև ավելորդ՝ ԱԱԾ֊ին տվյալներ ուղարկելու և նմանատիպ այլ փաստաթղթային գործընթացից խուսափելու միջոց է»։

Լրագրողների հետ հանդիպմանը բացատրելով օրինագծի էությունը, Սիփան Փաշինյանն, իր հերթին, խոսեց օրենքի՝ «ընդամենը տեխնիկական լինելու մասին»։ Օրենքով ոստիկանությունը մոտ 12 տարի է՝ հեռախոսային վերահսկողություն սահմանելու հնարավորություն ունի։ «Արդյոք իրականացնում է այդ վերահսկողությունը։ Այո։ Ի՞նչ ենք տալիս այս օրենքով ոստիկանությանը։ Վերահսկողություն իրականացնելու համար ոստիկանությունը, դատարանի որոշումն ունենալուց հետո, դիմում է ազգային անվտանգության մարմիններին, որպեսզի նրանք այդ տեխնիկական միջոցները տրամադրեն»։ Ըստ օրինագծի՝ այն դեպքերում, եթե սույն հոդվածով օպերատիվ֊հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարմանը կամ ՀՀ պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, ապա գլխավոր վարչությունն, սույն հոդվածով նախատեսված կարգով, ապահովում է այդ միջոցառումների իրականացումը, սակայն այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների իրականացման միջնորդությամբ գլխավոր վարչություն դիմած մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում գլխավոր վարչություն ներկայացնել դրանց իրականացումը թույլատրելու և չթույլատրելու մասին դատական որոշման քաղվածքը։ «Այսինքն օրենքը նախատեսում է դեպքեր, երբ տվյալ ուժային կառույցը պետք է անհապաղ վերահսկողություն սահմանի։

Որտե՞ղ է տրամաբանությունը, որ դատարանի որոշումն ունենալուց առաջ օրենքը թույլ է տալիս հատուկ դեպքերում վերահսկողություն իրականացնել, բայց ասում է՝ մտի ԱԱԾ վարչարարության մեջ, բյուրոկրատիայի մեջ, և էդ վարչարարությունը, հետևաբար, ժամանակի կորուստ է առաջացնում, ինչը կարող է անդառնալի հետևանքների բերել։ Էս օրենքի նախագծով մենք ընդամենը թույլ ենք տալիս ոստիկանությանն ունենալ իր սեփական սարքերը, որոնց միջոցով կիրականացնի իր վրա դրված հեռախոսային վերահսկողության մասին հոդվածը»։

Ազգագրագետ Խառատյանը խոստովանեց՝ որևէ տվյալների այն մասին, որ Հայաստանում ներքին հանցագործությունների արդյունավետ կանխարգելումն իրականացնում է ոստիկանությունը, չի տիրապետում։ Այդ դեպքում, կարծում է նա, ԱԱԾ֊ն չէր ունենա 6-րդ վարչություն, վերջին մեկուկես տարում կոռուպցիոն բոլոր կարևոր գործերը ոստիկանությանը կհանձնարարվեին և ոչ՝ ԱԱԾ֊ին․

«Վերջին հաշվով, վերջին մեկուկես տարում ԱԱԾ֊ն ունեցել է մոլոպոլ իրավունք և սարքեր՝ լսելու և ինչ ուզի՝ անելու համար, բայց դրանք չեն ծառայել գործերի բացահայտմանը»։

Նա նաև մտահոգություն հայտնեց՝ կապված նրա հետ, որ հանրությանը մինչ այժմ հայտնի չէ՝ գաղտնալսման պարագայում կոնկրետ ի՞նչն է օգտագործվում և ո՞ւմ դեմ․ «Ելնելով Հայաստանում հենց հանցագործ և կոռուպցիոն սխեմաներով մեր ապրած կյանքի փորձից, ո՞ր դեպքերում են դրանք ծառայում ուղղակի մարդկանց շանտաժի ենթարկելուն, այլ ոչ՝ գործի արդյունավետ քննությանը։ Ես հասկանում եմ՝ ամեն պահի ինձ կարող են դատի տալ, ասել՝ հայտարարություններ ես արել, որոնք չես կարող ապացուցել։

Ես ձեզ պիտի խնդրեմ նյութերով ցույց տալ, որ Հայաստանում հանցագործությունների 80 տոկոսն իսկապես հենց ոստիկանության, այն էլ՝ արդյունավետ աշխատանքի ընթացքում կանխարգելվում, բացահայտվում են», ֊ ասել է Խառատյանը՝ դիմելով տվյալ պնդման հեղինակ Խաչատրյանին։

«Ուսումնասիրելով մայր օրենքը, պարզեցի, որ Հայաստանում 5 օպերատիվ֊հետախուզական մարմին է գործում, դրանք բոլորն ունեն ՀՀ քաղաքացիներից՝ վճարովի կամ անվճար, գաղտնի տեղեկատու֊մարդիկ ունենալու իրավունք։ Էդ մարմիններն էդ գաղտնի մարդկանց կարող են ներդնել խմբակցություններում, քաղհասարակության կառույցներում։ Եվ օրենքով այդ իրավունքն ունեն։

Երկրում մի ահռելի ագենտուրայի ցանց կա, որը մեզ կարող է լրտեսել և, ըստ էության, լրտեսում է մեր կյանքի տարբեր իրավիճակներում։ Եվ ես վճարում եմ՝ բյուջեն է վճարում, որ նա ինձ լրտեսի։ Եվ չգիտեմ, թե այս ցանցն ունենալով, մեր երկիրն ինչո՞ւ է թաղված այսպիսի պետական հանցագործության մեջ, ինչո՞ւ էինք մենք ունեցել ահաբեկչական իշխանություններ, էդ ագենտուրան ո՞ւմ էր ծառայել, ի՞նչ խնդիր է լուծել, քանի՞ մարդու գլուխ է կերել։

Հիմնական տառապանքս այն է, որ էս պահին ԱԱԾ֊ն փաստացի դուրս է եկել կառավարության վերահսկողությունից, դարձել ինքնուրույն մարմին, և իշխանությունն ուղղակի վերաքննող մի մարմնի կարիք ունի, որին ինքն ավելի շատ կվստահի։

Օրինագծի առաջարկն ընդամենը տեխնիկայի համար բյուջեից փող բերելու նպատակ է հետապնդում, բայց, ինչպես հետո տեսա, էդ 5 մարմիններից 4-ն, այդ թվում՝ Ռազմական ոստիկանությունն, իրավունք ունեն մեր ամբողջ նամակագրությունը, հեռագրերը վերահսկել, կարդալ, լսել։

Ես չեմ վստահում պետական մարմիններին՝ նաև մեր անցյալից ելնելով։ Չեմ ուզում ասել, որ դուք անպայման մեզ ուզում եք վատություն անել, ես ուզում եմ ասել՝ դո՛ւք էլ կարող եք սխալվել, և ձեր սխալը կարող է իմ դեմ օգտագործվել։

Ես չեմ ուզում իմ պետական հարկերի հաշվին ինձ վրա լրտես֊վերահսկողներ ունենալ, առավել ևս՝ ավելի շատ դեպքեր գիտեմ, երբ կոնկրետ անձի հանդեպ շանտաժի համար է ծառայել, քան հանցագործության կանխմանը և պետության կարիքներին», ֊ հայտարարել է Խառատյանը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ հեռախոսային գաղտնալսման օրինականության նկատմամբ հսկողություն գոյություն չունի։

«Փաշինյանի կողմից նշված 12 տարիների գերակշիռ մասը վերաբերել էր հենց այն կառավարման ժամանակահատվածին, որն ամենևին հիմք չի տալիս նման գործիք տրամադրել մի կառույցի, որի գործողությունների նկատմամբ մեծ վերապահում ունենք։
Հեղափոխության բուն իմաստը մասնակցայնությունն էր, հետևաբար, նոր իշխանության հանդեպ վստահության հիմքը պետք է լինի շարունակական մասնակցայնության ապահովումը», ֊ ասել է իրավապաշտպանն՝ ընդգծելով, որ օրինագիծը ռիսկային է մարդու իրավունքների խախտման տեսակետից։

«Այսինքն՝ մարմիններն անորակ են, ես սա պնդում եմ, գործիքն անորակ է, դրանից բացի, լիազորում ենք մյուս անորակ մարմինը։

Այո՛, Հատուկ քննչական ծառայությունն է՛լ պետք է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոց, բայց ո՛չ էս ՀՔԾ, որը հերթական անգամ կասեցնում է լրագրողների դեմ բռնությունների փաստերով քրեական գործերը։ Այո՛, Քննչական կոմիտեն է՛լ պետք է օպերատիվ֊հետախուզական միջոցներ ունենա, բայց ոչ է՛ս Կոմիտեն, որը, ցավոք սրտի, զինվորական հանցագործություններով դեռևս չի կարողանում բացահայտել սպանության այն դեպքերը, որոնց հետևանքով սպանվածների ծնողները մինչև հիմա բողոքում են և արդյունքի չեն հասնում»։

Բանախոսները օրինագծի հեղինակներին հարց ուղղեցին՝ ինչո՞ւ հնարավոր չէ բազմաթիվ խնդրահարույց կետեր պարունակող օրենքը վերանայել, իսկ գործիքները տրամադրել՝ անցյալի փորձը հաշվի առնելով։

Արմեն Խաչատրյանը, մասնավորապես, արձագանքելով հանրային քննարկումների բացակայությանը, տվյալ օրինագիծը համեմատեց Ճանապարհային ոստիկանության համար 4 հատ մեքենա կամ համակարգիչ գնելու հարցի հետ․ «Հո էս ամեն ինչը հանրային քննարկման չի դրվի»։

Սաքունցն իշխանությանն առաջարկեց պարզ ասել, որ «ճար չկա, որովհետև մենք ուզում ենք ջարդել էդ մոնոպոլիան», իսկ մնացած փոփոխությունների հետ կապված գործողություններն, իր խոսքով, համարժեք չեն, ինչը մտահոգություն է առաջանում։

Պատգամավոր Խաչատրյանի պնդումն այն մասին, որ ԱԱԾ պատշաճ կերպով և գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում, իսկ նախաձեռնությունը միտված է այդ թվում ծառայության վրայից բեռը թոթափելու համար, ընդդիմախոսների զարմանքն առաջացրեց։ Պատասխանելով հարցին՝ արդյոք այն կբերի նաև իրավապահ մարմիններում հանցագործությունների բացահայտմանը, Փաշինյանն առաջարկեց ուսումնասիրել վերջին 20 օրվա քրոնիկան և պարզել՝ քանի՞ ոստիկան է ձերբակալվել։ Դրան ի պատասխան իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց․ «Վերջին քսան օրվա չէ, վերջին մեկուկես տարվա ընթացքում որևէ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված, որի պաշտոնական հայտարարագրերում գրված եկամուտներն անհամաչափ են իր աշխատավարձին, քննություն չի իրականացվել։

Եկեք ազնիվ լինենք և ասենք․ ոստիկանությանը տրամադրում ենք այս միջոցները, որպեսզի այն նույնպես հնարավորություն ունենա մյուս կառույցի հետ կապված հարցերը բարձրաձայնի»։