tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց հանցագորոծությունների թվին, որն աճել է 21 տոկոսով կամ 42 հազար դեպքով:

Վարչապետը պատասխանեց, որ այս դեպքում կառավարության ստեղծած հնարավորությունը ոմանց կողմից չարաշահվում է: Նա հիշեցրեց, որ ոստիկանության համար պարգևավճարների համակարգ են ներդրել հանցագործությունների բացահայտման համար: «Վերջերս պարզվեց մի դեպք, որ ոստիկանության բաժնի պետը և անձնակազմի որոշ ներկայացուցիչներ թաղի հանցագործների հետ պայմանավորվում են, որ նրանք գնան գողություն անեն, իրենք բացահայտեն և պարգևավճար ստանան»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ կալանավորված անձանց թվով Հայաստանը եղել է մտահոգիչ, իսկ այսօր այդ խնդիրը լուծվել է: Նա նաև նշեց, որ գողության համար ներգրավված անձիք կան, որոնք նախաքննության ժամանակ նոր գողություն են անում:

«Եվ երրորդ կողմն էլ կա, էդտեղ մի քիչ ձեր բոստանն էլ քար գցեմ, երբ հեղափոխական կառավարության նկատմամաբ ձեր կուսակցության կողմից քաղաքական ճնշում էր գործադրվում համաներման համար, դա դրա արդյունքներից մեկն է: Ճիշտ է, ես էլ եմ բանտից համաներումով դուրս եկել, բայց ընդհանուր առմամբ համաներումը համարում եմ շատ վատ գործիք, քանի որ համաներմամբ ազատվածների 60-70 տոկոսը նոր հանցանք կատարելու մեջ է բռնվում»,-ասաց նա և նշեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց պատճառների որոշակի համախումբ կա: