Ոստիկանության որոշ պաշտոնյաներ մերժում են վարձով բնակվող ծառայողների զեկուցագրերը |tert.am|
09:33 - 07 մայիսի, 2019

Ոստիկանության որոշ պաշտոնյաներ մերժում են վարձով բնակվող ծառայողների զեկուցագրերը |tert.am|

tert.am: ՀՀ Ոստիկանության մի խումբ ծառայողների ընտանիքի անդամներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են ուղարկել։ 

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքիների համար որևէ դրական իրավիճակ չի փոխվել:

Մանրամասնենք՝ 2018թ. նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1321-Ն որոշումը:

Այնուհետև հիմք ընդունելով նշված որոշման 6-րդ կետը՝ ոստիկանության պետի կողմից 09.01.2019թ. ընդունվել է «ՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող
հանձնաժողովի անդամների թիվը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 1-Լ հրաման:

Վերը նշվածները հիմք են տալիս ենթադրելու, որ որոշման և ոստիկանության պետի հրամանով բարելավելու է ոստիկանությունում ծառայող և բնակարանով չապահովված ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակը, սակայն չգիտես ինչ պատճառով ոստիկանության Երևան քաղաքի վարչության որոշ բաժինների պետերը (մասնավորապես՝ Մաշտոցի, Շենգավիթի Նոր Նորքի, էրեբունու, Կենտրոնի) իրենց կամայականությամբ և անհիմն մերժում են, որ վարձով բնակվող ոստիկանության ծառայողների (տվյալ դեպքում մենք և էլի շատ ու շատերը) զեկուցագրերը չներկայացվեն ՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով՝ հայտնելով, որ որոշումը և հրամանը կրում են ձևական բնույթ և ներքին ցուցում ունեն, որ հնարավորինս մարդ չներկայացվի փոխհատուցում ստանալու:

Եթե նշված որոշումը և հրամանը կրում են ձևական բնույթ, ապա ինչ իմաստ ուներ դրանք կայացնելը: Եթե դրանք իսկապես կայացվել են նպատակային և միտում ունեն բարելավելու ոստիկանությունում ծառայող և բնակարանով չապահովված ոստիկանության ծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը, ապա ինչ հիմքերով են բաժինների պետերը խոչընդոտում որոշման և հրամանի պահանջների իրականացմանը և չեն թույլատրում, որ ոստիկանության ծառայողները ստանան բնակարանի վարձավճարի փոխհատուցում:

Խնդրում ենք Ձեզ, հանձնարարեք ոստիկանության պետին, որ ոստիկանության ծառայողների ընտանիքի սոցիալական վիճակը բարելավելու համար, գրավոր կարգով բաժինների պետերից պահանջի վարձով բնակվողների ցուցակներ (այդ պարագայում բաժինների պետերը չեն կարող թաքցնել վարձով ապրողներին) և սահմանի համապատասխան հսկողություն, որ ոստիկանության ծառայողների կողմից վարձակալած բնակարանի դիմաց իսկապես (այլ ոչ թե թղթի վրա) տրվի համապատասխան փոխհատուցումներ, հակառակ պարագայում տպավորություն է, որ բաժինների պետերը արհամարհում են Կառավարության որոշումը և ոստիկանության պետի հրամանը կամ դիտավորյալ չեն ուզում դրանք կատարել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել