Ոստիկանությունը ապօրինի գործողություններ է կատարել՝ մեղավորության կանխավարկածի հիմքով. Բաց նամակ
09:43 - 08 հուլիսի, 2019

Ոստիկանությունը ապօրինի գործողություններ է կատարել՝ մեղավորության կանխավարկածի հիմքով. Բաց նամակ

Ոստիկանությունը ապօրինի գործողություններ է կատարել՝ մեղավորության կանխավարկածի հիմքով: Այս մասին բաց նամակ է հրապարակել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ անդրադառնալով Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանին ոստիկանություն բերման ենթարկելուն:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«2019 թ․ հուլիսի 6-ին, ժամը 18։00-21։00 Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանը համաձայն սոցիալական ցանցերում նախապես հայտարարվածի՝ Երեւան քաղաքում աջակիցների հետ միասին դրամահավաք էր իրականացնում Ամուլսարի պաշտպանության համար։

Ժամը 20։50-ի սահմաններում նրան են մոտենում ոստիկաններ եւ պահանջում ներկայացնել դրամահավաք իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանից, ինչպես նաեւ պայմանագիր քաղաքապետարանի հետ եւ քաղաքապետարանի կողմից դրամահավաքի արկղի դրոշմակնքում։

Ոստիկանները հրաժարվում են ներկայացնել, թե նման պահանջներ ներկայացնելու համար իրենք ինչ օրինական հիմքեր ունեն։ Այնուհետեւ նրանք ոստիկանության մեքենայով Աննա Շահնազարյանին հարկադրաբար տեղափոխում են ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ տեղեկացնում են, թե նյութեր են նախապատրաստում խարդախության կասկածանքով։ Աննա Շահնազարյանին ժամը 23։00-ի սահմաններում բաց են թողնում, տեղեկացնելով, թե ընթանում է խարդախության կասկածանքով հետաքննություն։

ՀՀ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․

«Պարզաբանենք, որ հուլիսի 6-ին' ժամը 21.40-ի սահմաններում, պարեկային ոստիկանները Արամ Խաչատրյանի արձանի մոտ նկատել են դրամահավաքությամբ զբաղվող մի խումբ անձանց։ Նրանցից Աննա Շահնազարյան ներկայացած անձը հայտնել է, որ դրամահավաքն իր նախաձեռնությամբ է։ Քաղաքացին ոստիկաններին չի ներկայացրել նման գործունեություն ծավալելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ կամ թույլտվություն, ուստի խարդախության կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Համապատասխան ստուգումներից եւ անհրաժեշտ պարզաբանումներից հետո Աննա Շահնազարյանը բաց է թողնվել»:

Ոստիկանության գործողությունները մի շարք հարցեր են առաջացնում, մասնավորապես.

  • Աննա Շահնազարյանը բերման է ներկայացվել ոստիկանություն։ Ոստիկանություն կիրառում է անձին ազատությունից զրկելու նոր տերմին «ներկացվել է բաժին»։ Սա անընդունելի է։
  •  Քաղաքացին բերման է ենթարկվել ակնհայտ անհիմն հիմքերով. ի՞նչն է հիմք հանդիսացել հնարավոր խարդախության կասկածի։
  • Ի՞նչ է պարզվել բերման ենթարկելուց հետո, որ թույլ է տվել քաղաքացուն ազատ արձակել, ինչո՞ւ դա հնարավոր չէր անել տեղում։
    «Դրամահավաքները, նաեւ փողոցում, հանրային համերաշխության կարեւոր գործիքներից է։ Ոստիկանության «պարզաբանումը» ոչ օրինական գործողությունների նկարագրություն է, բայց ոչ իրավական հիմքերի հիմնավորում։

Քաղաքացին զրկվել է ազատությունից, նրա առջեւ խնդիր է դրվել ապացուցելու, որ իր գործողությունները չեն կրում հակաօրինական բնույթ։ Հետագայում նրա առջեւ խնդիր է դրվել ապացուցել նաեւ խարդախության բացակայության փաստը։

Փաստացի ՀՀ Ոստիկանությունը տվյալ դեպքում առաջնորդվել է սովետական տոտալիտար տարիներին բնորոշ «մեղավորության կանխավարկածով», - նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի տնօրեն, Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Արտակ Կիրակոսյանը։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում․

- ՀՀ Ոստիկանությանը դադարեցնել քաղաքացիների անօրինական հետապնդումները
- ՀՀ Դատախազությանը կատարել համապատասխան քայլեր ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ապահովելու եւ ՀՀ Ոստիկանության ապօրինի գործողությունների կասեցման, մեղավորներին պատժելու ուղղությամբ,
- ՀՀ իշխանություններին իրավական եւ քաղաքական գնահատական տալ ՀՀ Ոստիկանության գործողություններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել