Ոստիկանությունը հրաժարվում է «գաղտնազերծել» խուճապ առաջացնող հրապարակումները գնահատող մասնագետների անունները |hetq.am|
17:31 - 10 ապրիլի, 2020

Ոստիկանությունը հրաժարվում է «գաղտնազերծել» խուճապ առաջացնող հրապարակումները գնահատող մասնագետների անունները |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը հրաժարվում է հրապարակել այն մասնագետների անունները, ովքեր արտակարգ դրություն հայտարարելուց հետո ուսումնասիրել են լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից կատարված հրապարակումների բովանդակությունը:

«Հրապարակված նյութի բովանդակությունը ուսումնասիրվում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության վարչությունում իրավաբանական կրթություն ունեցող մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից, և հաշվի առնելով, որ մասնագետները օպերատիվ ծառայողներ են, ուստի նրանց անձնական տվյալները ենթակա չեն տրամադրման»,-պատասխանել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Կառավարության մամուլի սրահում մարտի 23-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչի հիման վրա է ոստիկանությունը նյութերը հեռացնելու կամ խմբագրելու պահանջ ներկայացնում լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի օգտատերերին և ինչպես է գնահատվում «խուճապ առաջացնող» է տեղեկատվությունը, թե ոչ, պատասխանել էր. «Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են և խուճապ առաջացնող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա»:

Ոստիկանությունից միաժամանակ տեղեկացնում են, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, մարտի 20-ի դրությամբ, 11 լրատվամիջոցի՝ Hraparak.am, Mamul.am, Iravunq.am, 168.am, Hayeli.am, News.am, Yerkir.am, Tert.am, Lurer.com, Infocom.am, Pastinfo.am ներկայացվել է նյութերի հեռացման  17 պահանջ, որոնցից հեռացվել է 7-ը։ Սոցիալական կայքերից գրառումներ հեռացնելու պահանջ է ներկայացվել 22 քաղաքացիների, ինչի արդյունքում բոլոր հրապարակումները հեռացվել են նրանց կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել