Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում Սամվել Բաբայանի զինակիցների վրա հարձակման փաստով
05:48 - 30 մայիսի, 2019

Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում Սամվել Բաբայանի զինակիցների վրա հարձակման փաստով

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ ուշ գիշեր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:

Բաբայանի գրասենյակի փոխանցմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

«Եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում», - զգուշացրել է Արցախի պաշտպանության նախկին նախարարի գրասենյակը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությանը՝ Հայաստանի ոստիկանությունից հայտնեցին, որ այս պահին կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

«Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ, և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն», - փոխանցեցին Ոստիկանությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել