Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով: Այս մասին պարզաբանում է հրապարակել ՀՀ ոստիկանությունը։

«Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ Ուստի եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փատերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ եւ դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։

Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից»,- ասված է պարզաբանման մեջ։