news.am: Ոչ թե այս կամ այն նպատակներից ելնելով է ՏՄՊՊՀ-ն գործում, այլ մեր օրենսդրությունը հստակ ասում է այն ուղենիշները, որով շարժվելու է մեր հանձնաժողովը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Նա, անդրադառնալով վարչապետի՝ բենզինի ու գազի շուկայով լուրջ զբաղվելու հանձնարարականին, նշեց, որ մինչ այս նիստն էլ իրենք արդեն իսկ աշխատանքները սկսել էին. «Բենզինի ու գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում, մենք կփորձենք համապարփակ լուծում տալ։ Շուկան մանրամասն կուսումնասիրենք, կհասկանաք, թե որտեղ կան խնդիրներ։ Եթե կան չարաշահումներ, ապա համաչափ կենթարկվեն պատասխանատվության:

Միեւնույն ժամանակ շուկայի մասին պատկերացումը, կարծում եմ՝ ձեր միջոցով հրապարակային լայն քննարկման առարկա կդարձնենք, եւ հասարակության ուշադրությանը կդարձնենք, որվհետեւ ցանկացած չարահաշում, դա կլինի գնի բարձրացում թե իջեցում, խնդիր է»,-ասաց նա։

Գեղամ Գեւորգյանը չպատասխանեց հարցին, թե բենզինի ու գազի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներն ովքեր են՝ նկատելով, որ ուսումնասիրությունները նոր են սկսել։

«ՏՄՊՊՀ-ն ապաքաղաքական կառույց է, եւ ես չեմ կարող քաղաքական կերպարների կամ քաղաքական անձանք վերաբերյալ որեւէ հայտարարություն անել: Մենք կնշենք
տնտեսվարող սուբյեկտները, թե նրանցից ով է զբաղվում քաղաքականությամբ, կարծում եմ, որ դա այլ մարմին է, եւ այլ անձանց գնահատական է»,-ասաց նա: