Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությանը։

«Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։

Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»,- գրել է Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ, արձագանքելով Մանե Գեւորգյանի գրառմանը, որտեղ վերջինս հայտնել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է, Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից։ 

Գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով: