hetq.am։ «Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը, կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումներ՝ Իտալիայի քաղաքացիների կողմից»։ Այս մասին 2019 թվականի նոյեմբերի 14-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայությունը։

Կալանավորվեցին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, նույն հաստատության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Նրանց մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։ Դատարանի որոշմամբ՝ այս անձինք գրավի դիմաց ազատ արձակվեցին։

«Հետքն» ուսումնասիրել է վերջին 10 տարիներին Հայաստանից որդեգրումների վերաբերյալ տվյալներ։ 

1․ Սխալներ, խմբագրումներ եւ անհամապատասխանություն պետական վիճակագրությունում

Վերջին 10 տարիներին Հայաստանից որդեգրված երեխաների վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տրամադրած տվյալները չեն համընկնում։ Ըստ նախարարության` որդեգրվել է 634 երեխա, իսկ ըստ ԱՎԿ-ի՝ 849 երեխա։ Այս թվերի միջև տարբերությունը 215 է, որը զուտ թիվ չէ, այլ հարյուրավոր երեխաների առանձին ճակատագրեր։ Երկու պետական մարմինների վարած վիճակագրությունն ըստ տարիների դիտարկելիս՝ ամենամեծ տարբերությունը նկատվում է 2010 և 2011 թվականին։

Ազգային վիճակագրական կոմիտեից հայտնեցին, որ որդեգրումների մասին իրենց տեղեկատվության աղբյուրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը հանդիսանում է տվյալ ոլորտի վարչական լիազորությունների տիրապետող մարմին, հետևաբար և վարչական ռեգիստր: Նախարարությունը տվյալներն ԱՎԿ-ին է տրամադրում կիսամյակային պարբերականությամբ: Եթե Ազգային վիճակագրական կոմիտեն նախարարությունից ստացել է տվյալներ, որոնք հետագայում փոփոխության են ենթարկվել նախարարությունում, հնարավոր է՝ որոշ տվյալներ խմբագրվել են հետին ամսաթվով։

«Ձեր դիտարկումը, որ ինչ որ մի տեղ եղել է նաև որոշակի այլ տիպի միջամտություն, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև կարծում եմ, որ նման գնահատական կարող են հնչեցնել իրավապահ մարմինները՝ որոշակի աշխատանք կատարելուց հետո»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ վիճակագրության անհամադրելիությունը նույնպես պատճառ է հանդիսացել, որ նախարարությունը կասկածի տակ դնի որոշ որդեգրումների օրինականությունը և դիմի օրինապահ մարմիններին։ «Թվերի տարբերությունը մեզ նույնպես մտահոգում էր, որովհետև թվերը նաև վերահսկողության միջոց են, և երբ դրանցում կա խնդիր, պարզվում է, որ իրավիճակի վերահսկողությունը ամբողջական չէ»,- ասում է Անդրեասյանը։

Ըստ փոխնախարարի՝ այս պահին նախարարությունն աշխատում է տվյալների հավաքագրման և մշակման առավել ճշգրիտ, արդյունավետ լուծումների վրա։

2․ Օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մեծ մասն առողջական խնդիրներ է ունեցել

Մինչև 2016 թվականն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները չեն առանձնացնում որդեգրված երեխաների առողջական վիճակը։ 2016-2018թթ-ի տվյալների վերլուծությամբ հասկանում ենք, որ օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մեծ մասը համարվել են առողջական խնդիր ունեցող։ Այլ երկրներ որդեգրված երեխաների 81 տոկոսն իբրև ունեցել են առողջական խնդիրներ, իսկ 16 տոկոսը՝ ոչ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների 84 տոկոսը եղել է առողջ, իսկ 19 տոկոսը՝ առողջական խնդիր ունեցող։

3․Որդեգրված երեխաների մեծ մասը մինչեւ 6 տարեկան են

Որդեգրել ցանկացող ծնողները նախընտրել են փոքր տարիքի երեխաներ։ Որդեգրված Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխաների 85 տոկոսը 0-6 տարեկան են․ 124 երեխա 6 ամսականից 1 տարեկան, 311 երեխա՝ 1-6 տարեկան։ Մնացած տարիքային խմբերը չնչին տոկոս են կազմում։

Տվյալների այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանից որդեգրված երեխաները հիմնականում եղել են միայնակ մայրերի զավակներ կամ ունեցել են ծնողներ։ Ավելին՝ որդեգրումների գործընթացը կազմակերպող պետական կառույցները նախապատվությունը տվել են օտարերկրացի որդեգրողին։ Երեխաների մեծ մասն ուղարկվել է Իտալիա և ԱՄՆ։ Այլ երկրներ ուղարկվող երեխաների մեծ մասը համարվել է առողջական խնդիր ունեցող։ Պետությունը չի հետաքրքրվել որդեգրված երեխաների ճակատագրով։

Մեր հարցմանը, թե արդյո՞ք որևէ վերահսկողություն իրականացվում է օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների հետագա կարգավիճակի վերաբերյալ, Արտաքին գործերի նախարարությունից պատասխանել են, որ իրենք արտերկրում որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներին հսկելու գործառույթ չունեն: Նույնանման պատասխան ենք ստացել նաև Արդարադատության նախարարությունից, որում նշվում է, որ իրենք որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ անմիջական վերահսկողություն չեն իրականացնում: «Որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվում են համապատասխան երկրի իրավասու մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների աշխատակիցների կողմից նշված երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով»,- պարզաբանել է արդարադատության նախարարությունը։

4․ Առաջնահերթությունը միշտ տրվել է օտարերկրյա որդեգրողին՝ անտեսելով օրենքը

Շարունակությունը՝ hetq.am-ում