Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին
 |armtimes.com|
20:42 - 07 ապրիլի, 2020

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին |armtimes.com|

armtimes.com: Արցախում այսօր կորոնավիրուսով վարակվածության մեկ դեպք է հաստատվել: Այս պայմաններում ապրիլի 14-ին սպասվող նախագահական ընտրությունների 2-րդ փուլն առավել վտանգավոր է համարվում, քան առաջինն էր: Մինչ գործող իշխանությունները քննարկում են ինչ անել՝ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը պատասխանել է այդ, ինչպես նաեւ այլ թեմաներով հարցերին: 

- Պարոն Հարությունյան, խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք գնահատում Արցախում  մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունները՝ հնչող արձագանքների համատեքստում: Մասնավորապես, դիտորդները բազմաթիվ խախտումների մասին են խոսում: 

- Այս համապետական ընտրություններն, իսկապես, իրենց տեսակով աննախադեպ էին: Դա է վկայում քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների մեծ թվով մասնակցությունը, որը երբեք չենք ունեցել: Ասել է թե՝ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններն անցել են բարձր մրցակցային պայմաններում, ինչը գրեթե յուրաքանչյուր ընտրատեղամասում վերահսկվում էր տասնյակ վստահված անձանց ու դիտորդների կողմից: Թերևս մեծ մրցակցությամբ էլ պայմանավորված՝ Արցախում առաջին անգամ կունենանք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Կարծում եմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացել է ապահովել օրինական և թափանցիկ ընտրություններ: Իհարկե, որոշ խախտումներ արձանագրվել են տարբեր ընտրատեղամասերում, մեր քաղաքական թիմը ևս այս իմաստով դժգոհություններ է ունեցել, բայց, համոզված եմ, դրանք իրենց որակով չեն կարող ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Մարտի 31-ին, անկախ ընտրությունների արդյունքներից, ունեցանք Արցախի քաղաքացու հաղթանակը և պարտավոր ենք արձանագրել, որ ժողովրդավարական գործընթացներում կատարել ենք ևս մեկ հաստատուն քայլ: 

- Ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք պատրաստվում այս փուլին:

- Ինչպես արդեն նշեցի, Արցախի քաղաքական տարեգրության մեջ առաջին անգամ կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Եթե առաջին փուլում նոր տիպի կորոնավիրուսի դեպք Արցախում չկար, բայց կար դրա տարածման վտանգը, այսօր, ցավոք, Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքում արդեն ունենք գրանցված դեպք, ինչը հուշում է, որ պետք է ավելի խստացվեն ընտրությունների անցկացման պայմանները, որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից:

Դեռևս առաջին փուլում մեր քաղաքական թիմն առաջինը եղավ, որ հայտարարեց, որ հրաժարվում է փակ, ապա և բաց տարածքներում հանրության հետ հանդիպումներից: Նման ձևաչափ մենք պահպանելու ենք նաև երկրորդ փուլի քարոզարշավի ժամանակ: Այդ նպատակով որպես հիմնական հարթակներ կծառայեն սոցիալական ցանցերն ու լրատվության միջոցները:

- 2-րդ փուլում ձեր միակ մրցակիցը՝ Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ի ընտրություններին: Սակայն նա ԿԸՀ չի դիմել՝ իր թեկնածությունը հանելու հարցով: Ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարություններին:

- Դա նրա քաղաքական իրավունքն է: Ես չեմ մեկնաբանի: Բայց առողջապահական իրավիճակի գնահատականը պետք է տան մասնագետները, ոչ թե քաղաքական գործիչները:

Ավելին կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել