tert.am: ՏՄՊՊՀ նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ խորհրդարանականների վստահության քվեն արդարացնելու է։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատգամավորները մի շարք ոլորտների հետ կապած խնդիրներ են բարձրացրել, որոնց ինքն ուշադրություն է դարձնելու։ Գևորգյանն իր առաջին խնդիրն է համարում սննդի, ավիատոմսերի և այլ ոլորտների ուսումնասիրությունը:

«Կարծում եմ՝ պետք է մանրամասն ուսումնասիրել, նաև հանձնաժողովում կլինեն նյութեր կամ գործընթացներ, որոնք ևս պետք է կիսատ չթողնենք»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Ինչ վերաբերում է հարցի, որ ՏՄՊՊՀ-ն ասոցացվում է այս կամ այն օլիգարխի շահը սպասարկողի հետ, նա նշեց, որ որևէ ինստիտուտ որևէ անձի հետ չպետք է ասոցացնել, քանի որ ինստիտուտները շատ ավելի կայուն ու զորեղն են։

«Որևէ անձի շահ չեմ պատրաստվում սպասարկել, մեր առաքելությունը օրենսդրությանն ու հանրային շահի սպասարկումն է»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է իր՝ ՔՊ անդամ դառնալու հարցին, նա շեշտեց, որ ապագայի վերաբերյալ որևէ բան չի բացառում։