Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, հասկանալի է, բայց երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, մի քիչ դժվար է հասկանալ․ Փաշինյան
20:26 - 16 մարտի, 2020

Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, հասկանալի է, բայց երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, մի քիչ դժվար է հասկանալ․ Փաշինյան

ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին ՀՀ կառավարության որոշումը ԱԺ-ում ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը հենց այսօր կայացնելը, ինչու՞ դա չի կայացվել մեկ շաբաթ առաջ։ Նա հարցրեց, թե ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ է կատարել կառավարությունը եւ որո՞նք են այն կրիտիկական հանգամանքները, որոնք որոշիչ դարձան որոշումը հենց այսօր կայացնելու համար։

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ կա պարզ վիճակագրություն․ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը մոտավորապես հնգապատկվել է․

«Ես հիշում եմ, որ ամսի 11-ին մենք ունեինք մոտ 6-7 հիվանդ եւ այս դինամիկան մեզ ստիպել է մտածել, որ՝ չեղավ, այսինքն՝ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը եւ պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Վերջին 2 օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 3, 4, 5 ախտորոշում եւ երեկ պարզվեց, որ եղել են մարդիկ, որոնք մենք իմացել ենք, որ կոնտակտավոր են եւ 3-4 օր տաքնվում էին։ Իրավապահ մարմիններն էլ Առողջապահության նախարարության հետ հայտնաբերել են այդ մարդկանց։ Որ հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, դա հասկանալի է, բայց, երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, դա մի քիչ դժվար է հասկանալ»։

Հաջորդ խնդիրը, վարչապետի խոսքով, երեկ Երեւանի արտադրամասերից մեկում գրանցած դեպքն է․

«Երբ նախօրեին մենք դեպք ունեցան, երբ դպրոցականի մոտ ախտորոշվեց, մենք հասկացանք, որ պետք է դիմել արտակարգ միջոցների։ Այն պարագայում, երբ դեպքերի 60 տոկոսը վերաբերում է մի քաղաքի, այնտեղ էլ պետք է արտակարգ գործողություններ կիրառել։ Երեկ մենք Էջմիածնից ելքերն ու մուտքերը սահմանափակել ենք, եւ 129 քաղաքացու, որոնք ջերմում էին, խնդրել ենք, որ տուն վերադառնան, մարդն ասում է՝ չէ, չեմ վերադառնա։ Հանկարծ սա որեւէ մեկի հասցեին մեղադրանք չընկալեք։ Մարդը թերթիկը լրացրել է, բացատրել են, թե ինչ պետք է անի, զանգել են, ասել են՝ ոնց եք զգում, ասել է՝ ոչ մի խնդիր չկա, այցելել են, դուռը ծեծել են, դռան ետեւից ասել է, որ նորմալ է ամեն ինչ։ Ասել են՝ լավ, բացեք, տեսնենք, որ նորմալ է, ասել է՝ չեմ բացում։ Այս դեպքերում պետք է պետությունը լծակ ունենա, եւ ասի՝ չէ, պետք է բացես, եթե չես բացում, դուռը ջարդում եմ, մտնեմ ներս։ Այսինքն՝ հիմա քանի որ վտանգ կա, որ մասշտաբը կարող է փոխվել, դրա համար պետությանը պետք են լիազորություններ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս անհրաժեշտությունն առաջացել է վերջին 4 օրվա ընթացքում․

«Ինչու չէր եղել դա մեկ շաբաթ առաջ․ Արտակարգ դրություն կարելի է սահմանել Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Երբ երկրում կա ախտորոշված մի դեպք եւ նրա բոլոր կոնտակտները հանգստանում են Գոլդեն Փելիսում, որեւէ մեկին չես կարող բացատրել, որ սահմանադրական կարգին եւ մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում։ Այսինքն՝ սպառնալիքը պետք է գոյանա, քանի որ մարդու անքակտելի իրավունքը սահմանափող որոշում ենք կայացնում եւ այդ որոշումը չենք կարող ասել՝ գիտեք, դա մոտավորապես նույնն է, երբ հունվարին Նոր տարվա օրերին ասենք քանի որ Չինաստանից համաճարակ է բռնկվել եւ կարող է այդ համաճարակը հասնել Երեւան, հիմա արտակարգ դրություն ենք հայտարարում։ Մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս եւ ճիշտ է անում։ Քանի դեռ շոշափելի վտանգը անմիջական չի դարձել, հնարավոր չէ այդ որոշումը կայացնել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել