Ուզում եմ անձամբ ներողություն խնդրել ձեր ակնկալիքնեը ձեր սպասած ժամկետում չիրականացնելու համար․ Թագուհի Ղազարյան
13:19 - 29 մայիսի, 2019

Ուզում եմ անձամբ ներողություն խնդրել ձեր ակնկալիքնեը ձեր սպասած ժամկետում չիրականացնելու համար․ Թագուհի Ղազարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի ելույթը Ազգային ժողովում անցումային արդարադատության և դատաիրավական համակարգի բարեփոխումների թեմայով․

«Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացիները կրկին բախվել են ճգնաժամի, որի հետ մենք բոլորս կարիք ունենք սթափ և արժանապատվորեն իրար աչքերի մեջ նայելով առերեսվելու:

Հայաստանի Հանրապետությունում չկա վստահություն դատական համակարգի նկատմամբ: Սա ենթադրություն չէ, սա արձանագրում է: Մեր բազմաթիվ հավաստումներին, որ մենք դատավարական ընթացքին չենք միջամտում, քաղաքացիներն ամիսներ շարունակ հակադարձում էին, թե մեր չմիջամտելը ամենևին չի նշանակում, որ ուրիշները ևս չեն միջամտում: Մենք անընդհատ տեսնում ենք, որ ցանկացած քիչ թե շատ հնչեղ դատավարության ընթացքում կայացված որոշումից հետո, կլինի դա քաղաքացիների սրտով, թե չէ, մարդիկ սկսում են փնտրել, թե հատկապես ո՞վ է «զանգել դատավորին»: Սա դատաիրավական համակարգի համար աղետ է, քանի որ քաղաքացին չի հավատում, թե կա հնարավորություն, որ դատավորն առհասարակ ի վիճակի է ինքնուրույն, սեփական խղճի և համոզմունքների վրա հիմնված որոշում կայացնելու: Սա փաստ է, որի հետ մենք բոլորս պարտավոր ենք հաշվի նստել և որի լուծման համար մենք բոլորս մեր ստանձնած պարտավորությունների շրջանակում պետք է գործենք: Դատական համակարգի միակ հենարանը իր նկատմամբ վստահությունն է: Հայաստանի Հանրապետությունում, սակայն, չկա վստահություն դատական համակարգի նկատմամբ:

Մայիսի 20-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայտնեցին իրենց անվստահությունը դատական համակարգի նկատմամբ: Ոչ թե կոնկրետ դատավորի, ոչ թե կոնկրետ դատարանի, ոչ թե կոնկրետ դատական գործի կամ վճռի, այլ ամբողջ դատական համակարգի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունում արդարարադատության ինստիտուտի նկատմամբ: Հայաստանի դատական համակարգը մեկ տարի ժամանակ ուներ նախաձեռնելու և ստանձնելու իրապես անկախացման, ինքնավարության և վստահության բարձրացմանը տանող փոփոխություններ: Սակայն դատական համակարգը նախընտրեց դեպի ճգնաժամ տանող ճանապարհը: Եթե դատաիրավական համակարգի անկախության հարցը միայն քաղաքական կամքի առկայությամբ լուծվող խնդիր է, ապա սեփական վստահության բարձրացման հարցը կախված է միմիայն դատաիրավական համակարգում գործող դերակատարներից: Մենք ունեցանք քաղաքական կամք՝ ապահովելու այդ անկախությունը, համակարգը չունեցավ բավականաչափ ներքին ռեսուրս և վճռականություն՝ բարձրացնելու իր վստահելիությունը։ Երբ հանրությունն այլևս չի վստահում արդարադատության համակարգի կայացրած որոշումներին, երբ արդարադատության երաշխավորը ընկալվում է իբրև արդարադատության տապալող, ահա այստեղ է, որ առաջանում է ճգնաժամ։ Հետևաբար, կարելի է արձանագրել, որ դատաիրավական համակարգի համար ինքնամաքրումն ու ինքնաառողջացումը դարձել է անհնար: Ուստի այդ առողջացման համար անհրաժեշտ է բժշկական միջամտություն:

Սիրելի՛ քաղաքացիներ, մեկ տարի է անցել այն օրերից, երբ դե յուրե կար գործադիր իշխանություն, որը փաստացի՝ դե ֆակտո, չուներ այն ժողովուրդը, այն քաղաքացիները, որոնց համար պետք է կատարեր պետության կառավարումը: Եվ դուք ինքներդ քայլեր ձեռնարկեցիք ձեր սահմանադրական իրավունքը վերականգնելու և այդ իշխանությունը ինքներդ ձեզ վերադարձնելու համար:

Յոթ ամիս է անցել այն օրերից, երբ դե յուրե կար օրենսդիր իշխանություն, որը փաստացի՝ դե ֆակտո, չուներ այն ժողովուրդը, այն քաղաքացիները, որոնց համար պետք է ընդուներ օրենքներ և կատարեր իր օրենդրական գործառույթները: Եվ դուք, սիրելի քաղաքացիներ, դարձյալ ինքներդ քայլեր ձեռնարկեցիք ձեր սահմանադրական իրավունքը վերականգնելու և այդ իշխանությունը ևս ինքներդ ձեզ վերադարձնելու համար:

Այս օրերին մենք կրկին կանգնել ենք այն փաստի առաջ, որ դե յուրե կա դատական իշխանություն, բայց փաստացի՝ դե ֆակտո, այդ դատական իշխանությունը չունի չունի այն ժողովուրդը, այն քաղաքացիները, որոնց համար ընդունում է դատական վճիռներ և իրականացնում արդարադատություն: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կրկին ինքը քայլեր է ձեռնարկում իր սահմանադրական իրավունքը վերականգնելու և այդ իշխանությունն իրեն վերադարձնելու համար:

Այստեղ մեր հարցը հետևյալն է, հարգելի՛ գործընկերներ․ ունե՞նք մենք պարտավորություն աջակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ վերականգնելու իր սահմանադրական իրավունքները, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ունենք:

«Իմ քայլը» խմբակցությունը իր վրա է ստանձնել պատասխանատվություն կատարելու այդ գործուն քայլերը: Մենք ամենօրյա և ամենժամյա ինտենսիվ աշխատանքներով այս պահին փորձում ենք աջակցել քաղաքացիներին իրենց սահմանադրական իրավունքը վերականգնելու հարցում, այն քաղաքացուն, որը մեկ տարի առաջ միայնակ մնալով մի ամբողջ համակարգի առաջ ստիպված էր իր ջանքերը մեն-մենակ մոբիլիզացնել իր իրավունքները վերականգնելու համար: Այսօր մենք՝ այստեղ գտնվող բոլոր գործիչներս, այն մարդիկ ենք, որոնց ընտրել է քաղաքացին այդ բեռը իրենից թեթևացնելու համար, այն մարդիկ ենք, որոնց վրա հենվում է քաղաքացին իր սահմանադրական իրավունքները իրացնելու համար: Մեզանից յուրաքանչյուրը՝ լինենք քաղաքական մեծամասնության թե ընդդիմության ներկայացուցիչ, ընտրված ենք քաղաքացիների կողմից, ընտրված ենք, որպեսզի իր մարտահրավերների համար լուծումներ գտնենք:

Սիրելի քաղաքացիներ, ձեզ եմ դիմում իմ անունից, որպես քաղաքական գործիչ, որի նախընտրական ծրագրում ամրագրված են եղել դատաիրավական համակարգի բարեփոխումների և անցումային արդարադատության մասին դրույթներ: Վերջին օրերին ես լսել եմ ձեր բողոքները, ձեր վերապահումները, ձեր մեղադրանքները առ այն, որ մենք հապաղել ենք, որ մենք դանդաղում ենք այս գործընթացում: Ես ուզում եմ անձամբ իմ անունից ներողություն խնդրել ձեզանից ձեր ակնկալիքնեը ձեր սպասած ժամկետում չիրականացնելու համար, սակայն ուզում եմ նաև հավելել, որ այս գործընթացը չափազանց աշխատատար և զգայուն է: Անցումային արդարադատությունը պետք է նպաստի հանրային համերաշխությանը, և ավելորդ շտապողականությունը կարող էր հանգեցնել մի իրավիճակի, որը ոչ թե կտաներ հաշտեցման, այլ լարվածության:

Եվ ուրեմն՝ այստեղ անելիք ունենք բոլորս՝ «Իմ քայլը» խմբակցությունը, մեր ընդդիմադիր գործընկեր պատգամավորները, կառավարությունում աշխատող մեր այն գործընկերները, որոնց աշխատանքը առնչվում է դատաիրավական համակարգի հետ, արտախորհրդարանական քաղաքական գործիչները, Հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության՝ դատաիրավական համակարգի նկատմամբ վերապահում ունեցող սրտացավ քաղաքացիները, և նույնիսկ դատական համակարգում աշխատող այն դատավորները, որոնք ցանկանում են գնալ առողջացման և ժողովրդավարացման, ոչ թե ճահճացման և ճգնաժամերի ուղով:

Մենք բոլորս նույն նպատակներն ունենք, մենք բոլորս նույն նավում ենք: Լուսանցքում մնացած մի խումբ մարդկանց ցանկությունը՝ մեզ տանելու դեպի ճգնաժամեր, ամենևին նշանակություն չունի այս գործընթացում, եկեք չառաջնորդվենք դաշտ նետված կեղծ ճգնաժամերի օրակարգով, մենք ինքներս ենք ստեղծում մեր օրակարգը՝ ՀՀ դատական իշխանությունը ՀՀ քաղաքացուն վերադարձնելու օրակարգը, անկախ, ինքնավար, վստահություն վայելող դատաիրավական համակարգ ստեղծելու օրակարգը:

Ես հույս ունեմ, որ գոնե այս նպատակի հարցում մենք գործընկերներ ենք: Մեզանից յուրաքանչյուրը մեկ տարի անց ևս մեկ անգամ շանս է ստացել անձնական պատասխանատվություն ստանձնելու քաղաքացու ակնկալած օրակարգին աջակցելու, լուսանցքում չհայտնվելու և այլ ճանապարհներ չփնտրելու համար: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և վե՛րջ: Հարգելի՛ գործընկերներ, դուք հնարավորություն ունեք գոնե այս անգամ ցույց տալու, որ հաշտ եք ՀՀ Սահմանադրության այս անփոփոխելի դրույթի հետ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել