Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում
11:45 - 08 հունիսի, 2019

Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին:

ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքով, ծանոթացել շենք-շինության պայմաններին, վարչության անձնակազմին, նրանց աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին ու կարիքներին:

Մարզի ընդհանուր աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ֆ. Ցոլակյանն առաջարկել է քննարկել մարզային վարչության շենքում այլ շահագրգիռ կառույցներին աշխատանքային տարածք հատկացնելու հարցը: Բացի այդ, նախարարը հանձնարարեց բարեկարգել վարչության շրջակա տարածքը և կանաչապատ գոտին:

Հետո ԱԻ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի դահլիճում, որին մասնակցում էին Բնապահպանության փոխնախարար Ի. Ղափլանյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանը, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ՄՓՎ-ի աշխատակիցներ և այլք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի ավազանի հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական ուժեղացված ծառայության անցնելուն ու նոր հենակետերի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր: Խնդրի կարևորությունն այն է, որ այս տարի անցկացվելիք համահայկական խաղերի առնչությամբ մարզը կընդունի շուրջ 4000 մարզիկներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:

«Սևան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանն ասել է, որ մասնավոր սեփականություն հանդիսացող լողափերում փրկարարական ջոկատներ չկան, և անհրաժեշտություն կա ԱԻՆ-ի հետ համագործակցության միջոցով մասնագետներ պատրաստել ջրափրկարարական աշխատանքների համար:

Ֆ. Ցոլակյանը նշել է, որ այս հանդիպման առանցքային նպատակն է հստակեցնել բոլոր շահառու կողմերի գործառույթները: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչպես են իրականացվում Գավառի, Մարտունու և Շորժայի հարակից լողափերի փրկարարական աշխատանքները:

Նա ընդգծել է, որ հնարավոր ամեն եղանակով պետք է լուծվի այս գոտիներում հենակետերի ստեղծման հարցը՝ կլինի դա նոր հաստիքների համալրման, թե գործուղումների միջոցով: Նախարարը հանձնարարել է կրկնակի բարձրացնել ջրասուզակների աշխատավարձը, բացի այդ, մեծ ուշադրություն դարձնել առաջին բուժօգնության տրամադրման հնարավորություններին:

«Շատ կարևոր է գործին խղճով մոտենալը: Սրտանց և մարդկային պետք է կատարել փրկարարի աշխատանքը: Մենք միայն կրակ մարող չենք: Բնակչության պաշտպանությունը պետք է իրականացվի բոլոր առումներով ու համընդգրկուն»,- ասել է նախարարը:

Նա հանձնարարել է նաև բնակչության շրջանում աշխատանքներ տանել հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ հանգստյան գոտիներում պետք է լինեն տեղեկատու վահանակներ ու ցուցանակներ:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է 10 օրվա ընթացքում ներկայացնել ջրափրկարարական աշխատանքների բարելավման առաջարկների փաթեթ՝ բոլոր շահառու կողմերի հստակ դերաբաշխումով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել