Ուկրաինայի ողջ տարածքում ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ |armenpress.am|
13:32 - 24 ապրիլի, 2020

Ուկրաինայի ողջ տարածքում ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ |armenpress.am|

armenpress.am:  Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է Analitikaua.net-ը, թեմատիկ միջոցառումները սկիզբ են առել հիշատակի օրից մի քանի օր առաջ։ Կիևի և խոշոր քաղաքների փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին տեղեկություն պարունակող պաստառներ և վահանակներ։

Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումները սկսվել են Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հոգևորականների աղոթքով, այնուհետև Կիևի կենտրոնում խաչքարի մոտ  խոնարհվել են ծաղիկներ։ Այդ միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևորականներ։

 

Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի «Հայոց ցեղասպանություն. պատմության ընկալումը» առցանց դասախոսությունը և ինտերակտիվ առցանց ցուցահանդեսը Ուկրաինայի հայերի միության պորտալում:

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ միջոցառումները լուսաբանում էին ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածաշրջանային հեռուստաալիքները, մասնավորապես, «Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար» («Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени») սոցիալական տեսահոլովակը ցուցադրել են տասնյակ հեռուստաալիքներ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել