tert.am: Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը աշխարհում, տարածաշրջանում և ներկայացնել, թե ինչ միջոցառումներ են կատարվում ՀՀ-ում վիրուսից պաշտպանվելու համար:

Նախարարը նշեց, որ երեկվա տվյալների համաձայն՝ աշխարհի 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսի վարակվածության 81 109 դեպք, որից 78 191-ը Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2 718 դեպք:

Նախարարն ընդգծեց, որ վարակվածների մեծ մասը բուժվում, կազդուրվում է, մեծ մասն էլ նույնիսկ առանց բժշկի օգնության և որ ծանր դեպքերը 5 տոկոսի շրջանակում են:

Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ դեպք կա, որ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվել, թեյ, սուրճ, օղի խմել, ու անցնի՞, նախարարը դրական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Թորոսյանը նշեց, որ Իրանում 139 դեպք է գրանցվել, որից 19-ը մահվան ելքով: Նա նշեց, որ Վրաստանում արձանագրված մեկ դեպք կա և որ առավոտյան խոսել է իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստը բացասական է եղել, նրանք մեկուսացվել են, որ 2 շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր, կամ առողջ դուրս կգրվեն:

Վարչապետն էլ նշեց, որ Վրաստանի աշխատանքը այս դրվագով տպավորիչ է, և հույս հայտնեց, որ Հայաստանն առնվազն այդ մակարդակով պատրաստ է:

«Այո´, պարոն վարչապետ: Երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը, բայց ոչ մեր քաղաքացիների համար, և երեկ էլ ինքնաթիռով մեր քաղաքացիներից 52 հոգի վերադարձել է, նրանց ուղեկցել է Իրան գնացած մեր աշխատակիցը: Վարակված քաղաքացի չի եղել, ժամանելուն պես զննում է կատարվել նաև Հայաստանում: Շատ ենք լսում, որ զննումը բավարար չէ, ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառում չկա: Այն ջերմաչափումը և զննումը, որ կատարում ենք, առավելագույնն է, որ կարող ենք անել: Այս պահի դրությամբ վիրուսով վարակված դեպք չունենք»,- ասաց նա:

Թորոսյանը տեղեկացրեց, որ 95 հետազոտություն է կատարվել մինչև օրս, որոնք բոլորը եղել են բացասական: «Ունենք 850 հետազոտության թեստ և ևս 3000 թեստ շուտով կստանանք, այդ առումով ևս հագեցած ենք: Վերջին 2 օրվա մեջ Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ոստիկանության և մեր հակահամաճարակային ուժերի կողմից ուղեկցվել են: Պրակտիկորեն, եթե չասեմ ամեն ինչ, ապա հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի՝ չնայած այն համարվելով ռեսպերատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում սեզոնային գրիպի H1N1 շտամից, որը ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում»,- նշեց նախարարը: