Ուսումնական ինքնաթիռը կլորիկ եկամուտ է ապահովել քաղավիացիայի նախկին պետի եղբոր համար |hetq.am|
15:51 - 16 հունիսի, 2019

Ուսումնական ինքնաթիռը կլորիկ եկամուտ է ապահովել քաղավիացիայի նախկին պետի եղբոր համար |hetq.am|

hetq.am: ՀՀ հաշվեքննիչ պալատը 2018 թ. իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է նաեւ քաղաքացիական ավիացիայի ոլորտին: Ըստ հաշվետվության՝ պալատը 2018-ի հուլիսից մինչեւ 2019-ի մարտ ժամանակահատվածում հաշվեքննել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, ինչպես նաեւ դրան ենթակա «Հայաէրոնավիգացիա» եւ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ներում կատարել է ստուգումներ:

Հաշվեքննությունը վերաբերել է 2017-ի հունվարից մինչեւ 2018-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածին, իսկ առարկան եղել է պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործումը, բյուջետային մուտքերի ապահովումն ու պետական սեփականության կառավարումը:

Իրականացվել է ֆինանսական, համապատասխանության եւ կատարողականի հաշվեքննություն: Եթե առաջին երկուսի վերաբերյալ տրվել է «դրական եզրահանգում» կարծիք, ապա երրորդի մասով նշվել է, որ չեն պահպանվել կատարողականի հաշվեքննության տնտեսման եւ նպատակային արդյունավետության սկզբունքները:
Հաշվեքննիչ պալատն առանձնացրել է մի քանի առավել ուշագրավ փաստ:

Այսպես՝ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ից վարձակալել է «Diamond DA40-TDI» տիպի օդանավ, որը ՍՊԸ-ն ներմուծել էր 2013-ին: Պալատը նշել է, որ դրա մաքսային արժեքը, ներառյալ հարկերը, կազմել է 86,2 մլն դրամ, ինչը, ըստ էության, տվյալ օդանավի շուկայական արժեքն է: 2013-ից սկսած «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն այս օդանավի վարձակալության համար վճարել է շուրջ 600 մլն դրամ վարձավճար, այսինքն՝ ինքնաթիռի արժեքի գրեթե յոթնապատիկի չափով:

Ինչպես հայտնի է, 2004-2016 թթ. ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ, հետագայում՝ ՔԱԿ) պետը Արտյոմ Մովսեսյանն էր: «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006-ի դեկտեմբերին Երեւանում: Սեփականատերերն էին երեւանցիներ Կարեն Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Գալինա Կարապետյանն ու էջմիածինցի Գայանե Միրզախանյանը: 2008-ին ՍՊԸ-ից դուրս է եկել Գ. Միրզախանյանը, իսկ 2012-ին՝ Ա. Սարգսյանն ու Գ. Կարապետյանը: Միակ մասնակից է մնացել Կարեն Ռաֆիկի Մովսիսյանը, ով Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր որդին է: Միանձնյա սեփականատերը դարձել է նաեւ ընկերության տնօրեն:

2013-ի ապրիլին «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսը» (իսկ ավելի ճիշտ կլինի ասել դրա տեր ու տնօրեն Կարեն Մովսիսյանը) եւ վերոնշյալ Արմեն Սարգսյանը Երեւանի այն նույն հասցեում, որտեղ հաշվառված է Կ. Մովսիսյանը եւ գրանցված է «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն, հիմնել են ««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ-ն (այս ընկերությունը 2018-ին ձեռք է բերել իրանահայ Առլեն Դավուդյանը, եւ այժմ «Արմենիա Էյրվեյզը» Երեւանից թռիչքներ է իրականացնում Թեհրան):

2013-ին «Հետքն» անդրադարձել է այն իրավիճակին, որն ստեղծվել էր այդ տարվա ապրիլից շուկայի մոնոպոլիստ «Արմավիայի» անկման հետեւանքով: Կառավարությունը հայեցակարգ էր մշակել, որով նախատեսվում էր առանձնացնել ավիափոխադրումների 3 խումբ-ուղղություններ՝ ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: Այսինքն՝ նախկին մեկ մոնոպոլիստի փոխարեն պիտի լինեին երեքը: «Արմավիայի» հեռանալուց հետո մյուս ավիաընկերությունների համար ստեղծվել էին որոշակի հեռանկարներ, ու, թերեւս, դրանով պիտի պայմանավորել «Արմենիա Էյրվեյզի» ստեղծումը:

Վերջինս համարվում էր 3 խումբ-ուղղություններից մեկը շահագործել պատրաստվող գլխավոր հավակնորդներից մեկը: Պատահական չէ, որ ՔԱԳՎ պետ Ա. Մովսեսյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե կցանկանար, որ իր հորեղբոր որդին մասնակցեր մրցույթին ու հաղթող դառնար: Այդուհանդերձ, կառավարությունը 2013-ի հոկտեմբերին որոշեց ամբողջությամբ բացել հայկական երկինքը, այսինքն՝ տեղական ու օտարերկրյա օպերատորների թվի սահմանափակումը վերացվեց:

ՀՀ օդանավերի ռեգիստրում 2013-ին ներկրված «DA40» ինքնաթիռի (հայկական գրանցումը՝ EK-225) սեփականատեր էր գրանցվել «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսը», իսկ շահագործող՝ «Արմենիա Էյրվեյզը»: 4-տեղանոց օդանավն Ավիաուսումնական կենտրոնում ծառայում էր ուսանողներին: Կենտրոնն ամեն տարի հայտարարում էր կոնկրետ մասնագիտություններով սովորելու հնարավորության մասին. դրանց թվում էր «թռչող ապարատների թռիչքային շահագործումը»:

Ըստ այդմ՝ 3 տարվա ուսումից հետո ուսանողները ստանում էին առեւտրային օդաչուի արտոնագիր (CPL, commercial pilot licence): «Ուսումնական թռիչքներն իրականացվում են «DA40» եւ «DA42» օդանավերի վրա»,- ասվում էր ՔԱԳՎ կայքում: 2016-ին գրել էինք, որ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, նշված կենտրոնում «DA40»-ով թռիչքի 1 ժամն ուսանողին կամ նրա ծնողին արժենում է 500 դոլար, իսկ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է 160 թռիչքային ժամ ունենալ, ինչը կարժենար 80.000 դոլար, այնինչ արտերկրում ավելի էժան սովորելու հնարավորություններ կան:

2016-ի հունիսի 7-ին Արտյոմ Մովսեսյանն ազատվեց ՔԱԳՎ պետի պաշտոնից: Ու հետաքրքիր է, որ 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն հայտարարելիս Ավիաուսումնական կենտրոնը չէր նշել «թռչող ապարատների թռիչքային շահագործում» (այլ կերպ՝ օդաչուի) մասնագիտության մասին: Ավելին՝ պարզել էինք, որ EK-225-ը գրանցվել է օդանավերի ռեգիստրի հավելվածում, որտեղ հաշվառվում են այն օդանավերը, որոնք տվյալ պահին չեն բավարարում թռիչքային պիտանիության պահանջներն ու չեն շահագործվում կամ էլ ունեն շահագործման սահմանափակումներ:

Շարունակությունը՝ hetq.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել