Ուսուցչանոց [#1] Դասագրքերի բարդ լեզվի պատճառն այն է, որ քննարկումներին ուսուցիչները ներգրավվում են միայն որպես խորհրդատուներ [Երևանի թիվ 19 հիմնական դպրոց]
16:35 - 07 հունվարի, 2020

Ուսուցչանոց [#1] Դասագրքերի բարդ լեզվի պատճառն այն է, որ քննարկումներին ուսուցիչները ներգրավվում են միայն որպես խորհրդատուներ [Երևանի թիվ 19 հիմնական դպրոց]

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների, առարկայական դասագրքերի, ուսուցիչների վարձատրության թեմաներով։

- Արդյո՞ք հեշտ է աշխատել այսօրվա սերնդի հետ և որո՞նք են հանդիպող դժվարությունները։

Փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյան- Յուրաքանչյուր սերունդ էլ ունի իր դեմքը և յուրաքանչյուր սերնդի հետ աշխատելիս եղել են դժվարություններ։ Յուրաքանչյուր ժամանակ էլ եղել են դժգոհություններ, ուսուցիչների բողոքներ, տարեցի և երիտասարդի անհամապատասխանություն։ Ուղղակի այսօրվա սերնդի ուշադրություն գրավելը մեզանից ավելի շատ ջանք է պահանջում, քան առաջվա ուսուցիչներից, որովհետև այսօրվա սերնդի հիշողության պաշարը, ուշադրության քանակը շատ ավելի քիչ է։ Իրենց պետք է անընդհատ կարողանաս ինչ որ մի բանով հետաքրքրել, զբաղեցնել, որպեսզի կարողանաս ուշադրություն հրավիրել։

Մեր այսօրվա ծնողներն ու երեխաները ազատություն ասվածը մի փոքր ճիշտ չեն հասկանում, սահմանները չեն պատկերացնում։

- Ի՞նչ նոր մեթոդներ են անհրաժեշտ դասընթացն ավելի հետաքրքիր դարձնելու համար․ գրքերի փոփոխություն, կահավորման խնդիր։

Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Պետք է մաքսիմալ, ինչքան հնարավոր է նոր տեխնոլոգիաները դպրոց մտցնել։ Ճիշտ է՝ այն իր հերթին որոշ չափով  կբերի գիտելիքի մակերեսայինության, բայց այն երեխաների ուշադրությունը գրավելու, դասապրոցեսում պահելու համար շատ անհրաժեշտ պայման է ուղղակի։ Չպետք է նայել դպրոցների հնարավորությանը։ Տեխնոլոգիաներով ապահովելը պետությունը պետք է իր վրա վերցնի։

- Դասագրքերի առումով ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ։

Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Շատ քննարկվեց Հայոց եկեղեցու պատմության հարցը Հայոց պատմության համատեքստում։ Ես ընդունելի եմ համարում այդ տարբերակը։ Հնարավոր է Հայոց եկեղեցու պատմությունն անցնել Հայոց պատմության համատեքստում՝ ավելացնելով ժամաքանակը, որովհետև եղած ժամաքանակի պայմաններում հնարավոր չի այն իրականացնել։ Միաժամանակ, ինձ թվում է, որ այն ավագ դպրոցում պետք է անցնել՝ որպես քրիստոնեական բարոյագիտություն։ Չպետք է միանգամից հրաժարվել մեր արժեքներից։ Ամեն ինչը միանգամից ենք անում։ Կրթությունն այդպես չի սիրում։ Այնքան աստիճանաբար այն պետք է լինի, այնքան աննկատ պետք է լինի, որ կրթությունը չտուժի դրանից։ Այդքան արմատականությունով այս հարցում, մենք սերունդներ ենք փորձարկում, սերունդներ ենք կորցնում։

Փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյան- Ամեն մի փորձարկում մի սերնդի դաստիարակություն է, մի սերնդի գիտելիք է, մի սերնդի կորուստ է։

Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Ես կուզեի, որ մի քիչ շատ մանկավարժներ ներգրավված լինեին փոփոխությունների գործընթացում։ Այն աստիճանի աննկատ  պետք է արվեն փոփոխությունները, որ չզգացվի սերնդի վրա այդ փոփոխությունը։ Մենք միանգամից վերցնում ենք, այս առարկան հանում ենք, այն առարկան դնում ենք, ժամաքանակն ենք փոփոխում։ 

Դասագրքերի քննարկման ժամանակ ներգրավվում ենք միայն որպես խորհրդատուներ։ Հենց սրանով է պայմանավորված, որ դասագրքերի լեզուն բարդ է, խրթին։ Կան թեմաներ, որոնք երեխան հեշտ է ընկալում, կան թեմաներ, որ դժվար է ընկալվում՝ կախված նրանից, թե ովքեր են գլուխների հեղինակները։

- Ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն ավարտական քննությունների և առհասարակ թեստային քննությունների մասով։

Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Թեստերով քննությունների անցկացման բացասական կողմը համարում եմ այն, որ երեխաների օգտվելու հնարավորությունը մեծ է։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի այդ օգտվելը բացառվի։ Մենք չենք կարողանում օբյեկտիվությունն ապահովել, այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ չարտագրեն և սա համարում ենք բացասական կողմ։

Փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյան- Ժամանակին թեստեր չէին, ուրիշ առաջադրանքներ էին, երեխաներից էլի նույն զոմբիությունը չէի՞ն  ուզում․ դասագրքի բառերը, կետը հանկարծ չդրեց՝ դիտողություն էր, նախադասությունը մի փոքր այլ գրեց՝ դիտողություն էր։ Այն ժամանակ ավելի ոչ օբյեկտիվ էր, ինչ որ մի տեղ, քանի հիմա, ուղղակի պետք է պայմաններ ապահովել։

- Կարծրատիպ կա, որ դպրոցներում դասավանդում են տարիքով մեծերը։ Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը, երբ այս սենյակում հանդիպում են երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Ինչպե՞ս են աշակերտներն ընդունում սերունդների տարբերությունը։

Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Այսօրվա դպրոցի համար սերնդափոխությունը լուրջ խնդիր է, շատ լուրջ խնդիր է մի պարզ պատճառով․ ոչ մի լուրջ մասնագետ երիտասարդ դպրոց չի մտնի։ Պատճառները բոլորս գիտենք։ Դպրոց մտնող երիտասարդները  հիմնականում պատրաստ չեն դպրոցում աշխատելու, պատրաստ չեն ո՛չ որպես մասնագետ, ո՛չ որպես մանկավարժ, և այդ սերնդափոխությունը դարձել է լուրջ խնդիր դպրոցի համար։ Ես վստահ եմ, որ ոչ միայն մեր դպրոցի համար։

Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել