«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների, առարկայական դասագրքերի, ուսուցիչների վարձատրության թեմաներով։

- Ի՞նչ փոփոխություններ են անրհրաժեշտ ավելի լավ կրթական համակարգ ունենալու և վելի կրթված սերունդ ունենալու համար։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Բագրատյան - Դասարանների բեռնաթափում և ժամաքանակի իջեցում, որովհետև մեկ ուսուցիչը օրական ունենում է 5-6 ժամ և նույն արդյունավետությամբ չի կարող անցկացնել դրանք։ Բացի այդ՝ ուսուցիչը ժամանակ չի ունենում հանգստանալու և նորից գնալու դասի, քանի որ հանգստանալու համար ունես ընդամենը 5 րոպե։ Իմ կարծիքով այս երկու փոփոխություններn անհրաժեշտ են։

Փոխտնօրեն Անահիտ Նազարյան - Եթե դասասենյակներում 30 և ավելի աշակերտ կա, ուսուցիչը չի կարող ապահովել բոլորին։

- Մեր նախորդ զրուցակիցները, որոնք նույնպես ուսուցիչներ էին, նշում էին, որ անհրաժեշտ է փոխել նաև դասագրքերի լեզուն, քանի որ այն բավականին բարդ է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Բագրատյան - Չէի ասի։ Հիմա գրականություն չեն կարդում։ Հավատացե՛ք, որ հայոց լեզվի դասերը երեխաների համար ավելի հետաքրքիրն են, քան գրականության դասերը։

Բացի դրանից՝ քննությունների համար աշակերտներին պետք է հայոց լեզուն, դրա համար իրենք ավելի շատ կենտրոնանում են հայոց լեզվի վրա։

Փոխտնօրեն Անահիտ Նազարյան - Ավագ դպրոցի աշակերտները հստակ գիտեն, թե որ առարկաններն են իրենց անհրաժեշտ, և կենտրոնանում են դրանց վրա։ Լեզվի հարցրեն են շատ թեստերում, դրա համար կենտրոնացումը լեզվի վրա է։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ենգոյան Լուսինե - Դասագրեքերը վարժություններով ապահովված չեն, վարժությունները չնչին են և որակական ցուցանիշներ չեն ապահովում։ Ուսուցիչները օգտվում են լրացուցիչ գրականությունից, քերականական վարժություններից և այլն։ Իհարկե, գոնե լրացուցիչ գրականությամբ ապահովված ենք, բայց եթե դպրոցին պետք է տրամադրվեն գրքեր, սակայն դրանք բարձր արդյունավետություն չունենան, իմաստը ո՞րն է։ Այսինքն՝ կախված է ուսուցչի անհատական, առարկայական մոտեցումից։

- Մի փոքր խոսենք այս սերնդի հետ աշխատանքի դժվարությունների մասին։ Նշվում է, որ աշակերտների հետ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են նոր մեթոդներ, տեխնիկական միջոցներ։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ենգոյան Լուսինե - Կարող եմ ասել, որ մերը ավագ դպրոց է և մեզ մոտ գալիս են միջին դպրոցից և գալիս են բավականին չնչին պատրաստվածությամբ։ Սա դժվարացնում է մեր աշխատանքը։ Իհարկե, ավագ դպրոցը նախորդ տարների գիտելիքների կրկնությունն է, բայց եթե երեխան լավ տեղեկացված չէ, ուսուցիչը զբաղվում է կրկնությամբ, երեխան կանգնում է խնդրի առաջ։

Հիմնական դպրոցներից գալիս են բարձր գնահատականներով և ավագում ունենում են խնդիր նաև գնահատականների հետ կապված։ Օրինակ հայերենը․ ինչպե՞ս կարելի է  միասնական քննությունը ստանալ բարձր, բայց չիմանալ կետադրություն և ուղագրություն։ Ճիշտ չեմ համարում նաև թեստային աշխատանքները, քանի որ այդ ժամանակ կենտրոնացումը լինում է քերականության վրա, ոչ թե կետադրության, ուղղագրության։ Երբ դու կոնկրետ առարկայի գիտելիքներ ես ստուգում, հասկանում ես, որ երեխան սահմանափակվում է քերականական գիտելիքներով։

Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։

Զրուցել ենք նաև Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի հետ։

- 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո բոլորս ակնկալում ենք փոփոխություններ, նաև կրթական ոլորտում։ Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում և ի՞նչ տեսլական ունեք։

- Քանի որ խնդիրները շատ են, դժվար է պատկերացնել, թե ինչ արագությամբ և ինչ ժամանակահատվածում կարելի է շոշափելի փոփոխություններ տեսնել։Բոլորս էլ վստահ ենք, որ այդ փոփոխությունները պետք է արվեն ի նպաստ և ի օգուտ կրթական համակարգի։ Բոլորս ունենք դրական փոփոխությունների սպասումներ։

- Դուք երկար տարիներ է արդեն, որ այս դպրոցի տնօրենն եք։ Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել Ձեր ղեկավարման տարիներին՝ նախարարության, քաղաքապետարանի հետ։ Ինչպե՞ս եք հաղթահարել այդ խոչընդոտները։ Ինչպե՞ս եք արել, որպեսզի քաղաքականությունը մուտք չգործի դպրոցներ։

- Որպես կանոն դպրոցը չի առնչվել Ձեր նշած քաղաքական խոչընդոտներին։ Իհարկե, այլ առումներով որոշակի խնդիրներ եղել են, օրինակ՝ ռուսական դասարանների հետ, երեխաների ընդհանուր ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված։ Ինչ վերաբերում է ծրագրային խնդիրներին, դրանցից էլ չենք խուսափել և միշտ էլ գերհագեցած և գերծանրաբեռնված ծրագրերը խանգարել են արդյունավետ ուսուցումը ապահովելու համար։

-Քննությունների նախապարաստվելու համար բացակայություններին ինչպե՞ս եք վերաբերում և այդ խնդիրն ինչպե՞ս եք լուծում։

- Շատ դաժան, որովհետև, երբ ավելորդ խստություն ես դրսևորում և փորձում ես անհանդուրժող լինել բացակայությունների նկատմամբ, աշակերտները հեռանում են դպրոցից, որովհետև իրենք ի վիճակի չեն լինում և՛ կրկնուսույցների մոտ պարապել, և՛ գալ դասի։ Մենք փորձում ենք երեխային բերել դպրոց, բայց այդ պարագայում նրանք նախընտրում են գնալ այնպիսի դպրոց, օրինակ՝ մասնավոր, որտեղ բացակայությունների նկատմամբ պակաս խստություն են դրսևորում։ Կան երեխաներ ովքեր առաջին ժամերին ուղղակի քնում են, որովհետև ամբողջ գիշեր պարապում են։ Սա մեր համակարգի ամենամեծ բացթողումն է, որը հնարավորություն չի տվել աշակերտին դպրոցում ստացած գիտելիքներով ընդունվել բուհ և աշակերտները ստիպված են լինում դիմել կրկնուսույցների:

- Եթե խոսենք ղեկավարման մասին, երբ պետք է ղեկավարը հասկանա, որ պետք է լքի իր պաշտոնը, երբ պետք է հասկանա, որ սերնդափոխության կարիք կա։

- Երբ հասկանա, որ բավականաչափ չի սիրում այն գործը, որն անում է և արդյունավետ չի կատարում իր աշխատանքը։ Եթե ինքը գոհ է իր կատարած աշխատանքից և մտածում է, որ ուրիշը գուցե ավելի լավ չկարողանա անել, նա կարող է մնալ իր տեղում և աշխատել, տարիքային ցենզով որոշելը, որոշ դեպքերում կարող է արդարացված չլինել։ Կարող է արդեն թոշակի հասած մարդը դեռ իվիճակի լինի շատ ավելի լավ ղեկավարել այդ հասատատությունը, քան ավելի երիտասարդ մարդ։

- Մեր նախորդ զրուցակիցներից մեկը նշեց, որ տնօրենի պաշտոնը լքելու որոշումը կարող է կայացնել նաև շահառու հանրությունը։

- Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ սա նույնպես հստակ չէ։ Դժվար է  ընտրել շահառուների այն նեղ շրջանակը, ով պետք է որոշի։ Բացի ցանկացած աշխատանք պահանջում է օբյեկտիվ գնահատում։ Դպրոցն այնքան հանրային է, որ որևէ գաղտնիք չկա և հանրությանը պարզ երևում է,թե ով ինչպես է աշխատում։