Չգիտես ինչու հանրագրի փաստն անտեսվում է՝ մեզ ներկայացնելով որպես մի քանի բնապահպան․ Ահարոն Արսենյան
07:59 - 14 հունիսի, 2019

Չգիտես ինչու հանրագրի փաստն անտեսվում է՝ մեզ ներկայացնելով որպես մի քանի բնապահպան․ Ահարոն Արսենյան

Ավելի քան մեկ տարի Ջերմուկի բնակիչները փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Դեկտեմբերի 18-ին Ջերմուկ համայնքի ավագանին որոշում ընդունեց՝ հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Շուտով կհրապարակվի նաև Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման եզրակացությունը, ինչը կառավարությունը դիտարկում է որպես խնդրի վերաբերյալ որոշման կայացման հիմք՝ առաջ բերելով խնդրի միայն բնապահպանական դիտանկյունը։

Ջերմուկի ապագայի մասին բնակիչների պատկերացումների, խախտված իրավունքների, հանքարդյունաբերող կազմակերպության և կառավարության հետ հարաբերությունների մասին զրուցել ենք Ջերմուկ համայնքի բնակիչ Ահարոն Արսենյանի հետ։

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ջերմուկը՝ որպես էկո-տնտեսական տարածք։ Բնակիչներն ի՞նչ պատկերացումներ ունեն։

-Վերջերս Բարև Թրեյլզ ծրագրի շրջանակներում 40 կամավորներ տարբեր երկրներից մեկ շաբաթում ահռելի մեծ աշխատանք իրականացրին՝ մշակելով Գնդեվազ-Գնդեվանք- Վարդան Մամիկոնյանի անձեռակերտ հուշարձան-Արփա-Սևան թունել արահետը:

Արահետով քայլելիս այնտեղ կարող ենք ծանոթանալ Ջերմուկի եզակի կենդանական աշխարհին և հիանալ նմանը չունեցող բնությամբ: Սա իր տեսակով առաջին ծրագիրն էր Ջերմուկում, բայց ոչ վերջինը, և այն շարունակական է լինելու: Սա էկոտնտեսական տարածք դառնալու ստորագրահավաքի տրամաբանական շարունակությունն է, մենք թղթից անցել ենք իրականության, և դա ընդամենը սկիզբն է:

Ջերմուկը 2018թ. hունիսի 22-ից սկսած արդեն իսկ էկոտնտեսական տարածք է: Այստեղ գործում են տասնամյակներ շարունակ աշխարհին իրենց եզակիությամբ զարմացրած առողջարաններ: Այս տարի դրանց թվին ևս մեկն ավելացավ: Կան առողջարաններ, որոնք ունեն պայմանագրեր Հայաստանի տարբեր հատվածներում գործող հանքաարդյունահանող ընկերությունների հետ և նրանց աշխատակիցները գալիս են բուժվելու մեզ մոտ:

Աշնանը նախատեսում ենք նաև ծառատունկ, որը կիրականացվի ամեն տարի:
Ջերմուկում հանք չկար, չկա և չի էլ լինելու: Դա ասում են Ջերմուկ համայնքի մոտ 3000 բնակիչ՝ բնակչության ավելի քան 80%-ը: Հենց այսպիսին ենք պատկերացնում էկոտնտեսական տարածքը։

-Տեղեկություններ ունե՞ք՝ հնարավոր է արդյոք, որ Tiger Dev Swiss կազմակերպության մշակած Master Plan-ը հանքի շահագործումն արգելելու դեպքում, այնուամենայնիվ, իրագործվի, թե՞ այս թեման արդեն փակված է։ Տեղյա՞կ եք՝ ապագայում Ջերմուկում նմանատիպ այլ խոշոր ծրագրերի, ներդրումների մտադրություններ ունեցող կազմակերպություններ կա՞ն։

-Tiger Dev Swiss կազմակերպության կողմից մշակված Master Plan-ն իր արդիականությունն այժմ էլ չի կորցրել: Հանքարդյունաբերության առկայությունը մեծ հարցականի տակ դրեց այս ծրագրի իրականացումը, փաստացի հանրությունից թաքցվեց նաև այդ պլանով նախատեսված մի շարք ենթակառուցվածքներ, որոնց մասին իմացանք միայն հեղափոխությունից հետո: Լուրջ մասնագիտական և ֆինանսական ռեսուրս է ծախսվել Master Plan -ի կազմման համար և անմտություն կլինի այն թողնել թղթի վրա:

Տեղյակ եմ միայն, որ հանքարդյունաբերության հնարավոր շահագործման պատճառով Ջերմուկ քաղաք լուրջ ներդրումային ծրագրեր պարզապես չեն եկել և Ջերմուկը չի համարվել հեռանկարային ներդրումային միջավայր, քանի որ հանքարդյունաբերության շահագործման արդյունքում ցանկացած խոշոր ներդրում տուրիզմի ոլորտում դատապարտված պետք է լիներ սնանկացման: Վստահ եմ, որ առաջիկայում մեծ ներդրումներ կգան Ջերմուկ, քանի որ Ջերմուկի բնակիչներն արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը և պատրաստ են տեր կանգնել այդ որոշմանը:

-Համաձա՞յն եք այն տեսակետին, որ Ամուլսարի հարցը նոր իշխանությունների համար փորձաքար է, և որ սա նաև պետության ինքնիշխանության հարցն է։

-Իրականում Ամուլսարի հիմնախնդրի հիմքում տարբեր խրթին հարցեր կան. նախ ի սկզբանե խախտված են տեղի բնակչության իրավունքները՝ հանրային լսումներին մասնակցելու, ազատ կամքն արտահայտելու, իրականացնելու իր՝ մաքուր միջավայրում ապրելու իրավունքը:

Մինչև հիմա պետության կողմից չի իրականացվել համալիր ֆինանսատնտեսական աուդիտ, սակայն կան լուրջ տնտեսագետներ, որոնց հետազոտություններից պարզ է, որ այստեղ գործ ունենք օֆշորային տարածքում գրանցված ռիսկային կազմակերպության հետ: Բացի այդ, ինչպես գիտեք քրեական գործ է հարուցված՝ բնապահպանական ռիսկերը միտումնավոր թաքցնելու վերաբերյալ:

Այս ամեն ինչի հետ մեկտեղ ազդակիր համայնքի բնակիչների գերակշիռ մասը հանրագիր են կազմել, ցանկանալով ապրել էկոտնտեսական տարածքում, սակայն չգիտես ինչու այդ փաստն անտեսվում է: Կարծում եմ՝ սա իշխանության թուլության և նախկին մերժված իշխանությունից մնացած, բայց չերևացող տարրերի հետևանքն է: Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը վաղուց պետք է լսեր իր ժողովրդին, քաղաքական կամք դրսևորեր և հարցի լուծումը տար: Այս հՙարցի լուծումից հետո կարծում եմ մնացած հարցերը «խաղ ու պար» կլինեն:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ ամիսներ շարունակ ձեր բարձրացրած հարցերից հետո միայն բնապահպանական ռիսկերին է անդրադարձ կատարվում։

-Թեպետ մենք կազմակերպության դեմ չենք պայքարում, սակայն տվյալ կազմակերպությունը, որը ցանկանում է Ամուլսարը ոչնչացնել, թե՛ իր պաշտոնական կայքով, թե իր տասնյակ ֆեյք կայքերի միջոցով հրապարակային ատելության քարոզներ է իրականացնում մեր հանդեպ, խեղաթյուրում է մեր պայքարը՝ մեզ ներկայացնելով որպես մի քանի բնապահպան: Ցավալի է, բայց մի քանի անգամ մեզ այդպես են դիմել կառավարության ներկայացուցիչները՝ այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը: Այսինքն ստացվում է, որ մանիպուլյացիան ամենուրեք է, և դրա զոհը կարող է լինել նաև կառավարությունը:

-Երբ խոսում եք Ջերմուկի բնակիչների խախտված իրավունքների մասին, հանրային լսումներ չկազմակերպե՞լը նկատի ունեք։ Այս փուլում հանրային լսումների պահանջ կա՞ ձեր կողմից։

-Նախ մինչև հանրային լսմանն անցնելը պետք է ամբողջովին փոփոխության ենթարկել հանրային լսումների մասին օրենքը: Այժմ, ըստ էության, դրանք ձևական են: Ինչ վերաբերում է հանրային լսումների պահանջին, քանի որ դրանք ի սկզբանե չեն կայացել, կամ կայացել են առանց համայնքի բնակիչների, դրա պատճառով տվյալ ընկերությունը կանգնել է փաստի առաջ: Նոր հանրային լսումներ կարծում եմ հրաշալի կլիներ, որ անցկացվեին նոր Հայաստանում:

-Ամուլսարի հարցով Ջերմուկից բացի ո՞ր համայնքներն են «ազդակիր» ճանաչված, սա ի՞նչ հնարավորություններ է տալիս համայնքներին՝ պաշտպանելու իրենց շահերը։

-Մեկ այլ խնդիր է ազդակիր համայնքներ ճանաչելու հարցը: Հանելուկ է, թե ինչու է 2016թ-ին Ջերմուկ խոշորացված համայնքը ճանաչվել ազդակիր համայնք, սակայն Զառիթափ և Գորայք խոշորացված համայնքները՝ ոչ: Չէ որ մինչ այդ ամեն կերպ բոլոր պատասխանատուներն ու առաջին հերթին հանքարդյունաբերություն սկսել ցանկացող կազմակերպությունը պնդում էին, թե Ջերմուկ քաղաքի վրա որևէ ազդեցություն չի կարող լինել, ուստի իմաստ չունի քաղաքը ճանաչել որպես ազդակիր համայնք:

Ջերմուկ քաղաքը, որպես խոշորացված համայնք ազդակիր ճանաչելու հիմնավորման մեջ նշում են, թե Գնդեվազ գյուղը մտնում է այդ համայնքի մեջ, այն դեպքում, երբ Սարավան գյուղը մտնում է Զառիթափ կլաստերի, իսկ Գորայք գյուղը՝ Գորայք կլաստերի մեջ:

Փաստացի, այս դեպքում որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու և ինչպես են ընտրվում ազդակիր համայնքները: Ամեն դեպքում նշեմ, որ ազդակիր համայնք ճանաչվելը հնարավորություն է տալիս հանրային լսումների կազմակերպման միջոցով ազդել որոշումների կայացման վրա, բայց նույնիսկ օրենքի պահանջը՝ հանրային լսումների անցկացման վերաբերյալ, Ջերմուկ քաղաքի դեպքում չի պահպանվել:

Հանքարդյունաբերող կազմակերպությունն է անգամ ընդունում, որ իրենք օրենքով սահմանված կարգով հանրային լսումներ Ջերմուկում չեն անցկացրել:

-Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ամուլսարի ճանապարհները փակած քաղաքացիների նկատմամբ քրգործ հարուցելու վերաբերյալ դատախազությունը բողոքարկե՞լ է։ Եթե այո, ի՞նչ ակնկալիք ունեք վճռաբեկ դատարանից։ Հաշվի առնելով, որ դատական համակարգը լրիվ անկախ մարմին պետք է լինի, և կառավարությունը նրա վրա ներգործելու լծակներ չպետք է ունենա՝ ինչու՞ եք նշում, որ այս որոշումը կառավարության անորոշ դիրքորոշման հետևանք է։

-Դատարանի որոշումը պետք է բողոքարկեր ՀՀ ոստիկանությունը, սակայն չբողոքարկեց՝ չգիտեմ ինչ պատճառաբանությամբ: Եվ օրերս ոստիկանության Ջերմուկի ներկայացուցիչները դատարանի որոշումը ձեռքներին եկան Ամուլսարի պաշտպանության տարածք՝ պահանջելով վագոն-տնակների տեղափոխումը: Դատարանի որոշումը կայացվել էր Լիդիան ընկերության կողմից տված փաստաթղթերի հիման վրա, և ըստ քարտեզների՝ համայնքային ճանապարհը ևս պատկանում է Լիդիանին, ինչն ակնհայտ մանիպուլյացիա է, սակայն դատարանը դրա հիման վրա որոշում էր կայացրել: Մենք հաստատակամ եղանք և պահանջեցինք, որպեսզի հստակ կոորդինատներով ճշգրտվի տարածքը: Հաջորդ օրը պարզվեց, որ մենք ճիշտ ենք, իրենք՝ սխալ:

Նույնիսկ դատարան և ոստիկանություն ուղարկվում են իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Մասնավոր կազմակերպությունն իր շահերն առաջ տանելու համար ինչ քայլի ասես դիմում է, այն դեպքում, երբ պետք է հանրային շահերին նման վնաս հասցնելու համար խստորեն պատժվեր:

-Լիդիանի կողմից հանրագիրը ստորագրածների անձնական տվյալները ձեռք բերելու հետ կապված գործն ի՞նչ ընթացքի մեջ է այս պահին։

Ըստ իմ ունեցած տեղեկության ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում է այս հարցով:

-Կառավարությունից և Ազգային ժողովից ի՞նչ սպասելիքներ ունեք։ Ձեր նամակի վերաբերյալ առնվազն ի՞նչ են պարտավոր անել օրենսդիրն ու գործադիրը։

Այդ նամակը մեր առաջարկն ու հուշում էր Կառավարության անդամներին և Ազգային Ժողովին, որպեսզի նրանք ամբողջական պատկերացում կազմեին, թե որ օրենքների բացթողումների և չկատարման արդյունքում ենք բոլորս հայտնվել այս իրավիճակում:

Առաջարկություն էր այն իմաստով, որպեսզի իրենք ձեռնամուխ լինեն վերացնելու օրենքի և իրավունքի ակնհայտ խզումն այդ օրենքներում, հուշում էր այն իմաստով, որ Ամուլսարի խնդրի որևէ կերպ լուծման դեպքում պետությունը երաշխավորված չէ խուսափելու նույնաբովանդակ մեկ այլ խնդրից, քանի դեռ այդ օրենքները գործում են նույն բովանդակությամբ և նույն տրամաբանությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել