Չեմ կարող ասել՝ այո կամ ոչ․ ՍԴ դատավորի թեկնածուն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հարցին
10:25 - 16 ապրիլի, 2019

Չեմ կարող ասել՝ այո կամ ոչ․ ՍԴ դատավորի թեկնածուն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հարցին

ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նրան խնդրեց իր գնահատականը տալ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ «Որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ ըստ Ձեզ, արդյոք սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը։

Հովհաննիսյանը պատասխանեց․ «Սահմանադրական կարգի տապալման սպառնալիքը կամ բռնություն կիրառելը սահմանադրական կարգը տապալելու համար կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու նախապայման է՝ համաձայն Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի։ Եվ իմ պատասխանն այդ հարցի վերաբերյալ հետևյալն է՝ առանց գործի նյութերին մանրամասն ծանոթ լինելու՝ զուտ այնքանով, որքանով ես տեղյակ եմ լուրերից, թե ինչ է կատարվել 2008 թվականի մարտի 1-ին, կարող եմ ասել՝ զուտ այն հանգամանքը, որ հավաքները ցրելու ընթացքում մահացել է տասը մարդ, արդեն հիմք է տալիս՝ ենթադրելու, որ բոլոր դեպքերում պետության գործողություններն, ամենայն հավանականությամբ, չեն եղել համաչափ։

Այսինքն՝ պետությունն իր գործողություններով խախտել է համաչափության սկզբունքը, որը սահմանադրական սկզբունք է, և դրա իրական խախտման դեպքում պետության գործողությունները դառնում են հակասահմանադրական։ Այդ տեսանկյունից՝ չեմ կարող բացառել, որ հնարավոր է՝ 2008 թվականի մարտի մեկին տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում՝ այն տեսանկյունից, որ պետությունն իր անհամաչափ գործողություններով խախտել է սահմանադրական կարգի էական տարր համարվող մարդու ֆունդամենտալ իրավունքներից մեկը՝ խաղաղ հավաքների ազատությունը»։ 

Պատգամավորը խնդրեց պարզապես մակերեսորեն, առանց նյութի մեջ խորանալու պատասխանել՝ այո կամ ոչ, ինչին Գոռ Հովհաննիսյանն արձագանքեց․

«Դուք չեք կարող ինձնից ակնկալել այդպիսի հստակ պատասխան նման բարդ հարցի վերաբերյալ։ Ձեր ակնկալիքն արդարացված չէ։ Ես չեմ կարող ասել այո կամ ոչ։ Ես ներկայացրեցի, թե ինչ եմ մտածում այդ հարցի վերաբերյալ»։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել