ՊԵԿ-ը ներկայացնում է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ Վրաստանի հրապարակած ուղեցույց
20:31 - 03 ապրիլի, 2020

ՊԵԿ-ը ներկայացնում է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ Վրաստանի հրապարակած ուղեցույց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորև: ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել նշված կանոններին:

«Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետևյալ պայմանների պահպանմամբ.

Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու (կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում (STOP POINT), քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում տեղակայված ավտոմեքենաների կայանատեղերում):

STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, իրեն կարգի բերել և ձեռք բերել անձնական օգտագործման իրեր/սննդամթերք:

Ստեղծված դժվարությունների դեպքում (տրանսպորտային միջոցների անսարքություն, առողջության վատթարացում և այլն) վարորդը պետք է կապ հաստատի համապատասխան ծառայությունների հետ և մինչև նրանց ժամանելը պետք է մնա ավտոմեքենայի սրահում: Այդ նպատակների համար պետք է զանգահարի Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հեռախոսահամարին` 112:

Բեռնատար ավտոմեքենան պետք է լքի Վրաստանի տարածքը.
Տարանցիկ տեղափոխվելիս (բացի «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժումից)` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Այլ դեպքերում (ներառյալ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տարանցիկ տեղաշարժվելը)` երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում:
Երաշխավորվում է, որ ֆինանսական վճարումը կատարվի անկանխիկ վճարումով (առցանց գնումներ, պլաստիկ քարտ և այլն), և օգտագործվեն անձնական պաշտպանիչ միջոցներ (բժշկական դիմակ, ձեռնոց և այլն):

Որպես հատուկ կազմակերպված տարածքներ (STOP POINT) են սահմանված.
Ուրբնիսի` Քարելիի շրջան, գյուղ Ուրբնիսի, կադաստրի ծածկագիր` 68.16.45.054:

Թերջոլա` Թերջոլայի շրջան, գյուղ Սիքթարվա, կադաստրային ծածկագիր` 33.08.38.224:

Գորի`Գորիի շրջան, գյուղ Տինիսխիդի, կադաստրային ծածկագիր`66.44.02.033:

Զեստափոնի` Զեստափոնիի շրջան, գյուղ Արգվեթա, կադաստրային ծածկագիր`32.03.34.211:
Տեղաշարժման ժամկետների մեջ չեն նախատեսվում մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ և մաքսային ձևակերպումների կետերի մոտ կազմակերպված ավտոկայանատեղիներում կանգնելու ժամանակահատվածները:

Վերոհիշյալ կանոնների խախտման համար (բացի երաշխավորությունները չկատարելուց, կամ այն դեպքից, երբ եղանակային պայմանները կամ այլ արտաքին գործոններ դժվարացնում և (կամ) անհնարին են դարձնում սահմանված պայմանների կատարումը) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը տուգանվում է 3 000 լարիով: Ինչպես նաև, եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել