news.am։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը եւ այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:

Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումն ու պատմական քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Կանոնադրական հանձնաժողովի ղեկավար պարոն Ջիմ Մաքգովերնին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար պարոն Էլիոթ Էնգելին, կոնգրեսականներ պարոն Քրիս Սմիթին եւ տիկին Աննա Էշուին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը քվեարկության դնելու հարցում մեծ աջակցության համար: Մենք հորդորում ենք հայկական համայնքի մեր ներկայացուցիչներին շարունակել կոչ անել Կոնգրեսին եւ պահանջել, որ քվեարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովի նախագահ Ջիմ Մաքգովերնը լսումները սկսել է հզոր բացման խոսքով՝ ասելով, որ 296-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի համար հնարավորություն է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելու եւ ընդունելու, որ դա ցեղասպանություն էր:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելն էլ ասել է. «Բոլորս ենք անհանգստացած այն ամենով, ինչ կատարվում է աշխարհի տարբեր կետերում: Հայոց կոտորածը ցեղասպանություն էր, եւ հիմա բոլորս ենք անհանգստացած քրդերի ճակատագրով: Այն տեղի է ունենում հենց հիմա, եւ կրկին Թուրքիան է կանգնած այդ ամենի ետեւում: Եվ եթե նախկինում ճիշտ ժամանակը չէր սա անելու համար, հիմա, անկասկած, ճիշտ ժամանակն է»: