Պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի
21:36 - 17 ապրիլի, 2020

Պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի

Պարետի որոշմամբ՝ սահմանվել է արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսից մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները։

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5.1 մասի՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում։

Փոխարենը՝ գործում են հետևյալ կանոնները՝

1. Պացիենտի՝ Կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ (այսուհետ` պարկ), դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը (դաստակին փակցվածի նման) փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա:

2. Պահպանելով անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցները՝ պարկով դիակը դիատարով տեղափոխվում է բժշկական հաստատության  դիակի ժամանակավոր պահման վայր, որտեղ դրսից փակցվում է վարակիչ վտանգի մասին մատնանշող միջազգային խորհրդանիշ:

3. Դիակի ժամանակավոր պահման վայրում ախտահանվում է պարկի արտաքին մակերևույթը: Դագաղի ներսը ևս ախտահանվում է քլոր պարունակող ախտահանիչներով:

4. Մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով:

5. Դիակը հարազատին հանձնելուց հետո դիակի ժամանակավոր պահման վայրը ամբողջությամբ ախտահանվում է:

6. Դիակի տեղափոխումը իրականացվում է դագաղով, որում դիակը շարունակում է մնալ պարկի մեջ: Դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում:

7. Դիակը տեղափոխող տրանսպորտային միջոցն ախտահանվում է:

8. Հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից:

Պարետի որոշումը՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել