Պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից 146.3մլն դրամ պակաս գնով․ հարուցվել է քրեական գործ
18:14 - 14 ապրիլի, 2020

Պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից 146.3մլն դրամ պակաս գնով․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ հերթական պետական սեփականություն հանդիսացած գույքի մասնավորեցման վերաբերալ փաստաթղթերը, որի արդյունքում ի հայտ են բերվել առանձնապես խոշոր չափերով կոռուպցիոն հանցավոր դրոևորումների առերևույթ հատկանիշներ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես,  պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից 2016թ. դեկտեմբերի 1-ին կազմված եզրակացությամբ գնահատվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված՝ սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դ. Անհաղթ փողոց, թիվ 23/6 հասցեում գտնվող 1455.5 քմ մակերեսով հասարակական շինության և 3922.64 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը, որը կազմել է 119.7 մլն դրամ:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և նշված ՍՊԸ-ի միջև ծառայությունների մատուցման այս գործընթացը,  «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:

Իրականացված գնահատման արդյունքում ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է վերոնշյալ գույքը մրցույթով օտարել:

2017թ. մարտի 20-ին կայացած մրցույթի արդյունքներով, ըստ կազմված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրի, այդ հասցեում գտնվող գույքը՝ հասարակական շինությունը և հողամասը, օտարվել է 88.7 մլն դրամով:

Սակայն 2020թ. փետրվարի 14-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ գույքի հավանական շուկայական արժեքը 2016թ. դեկտեմբերի դրությամբ կարող էր կազմել շուրջ 235 մլն. դրամ կամ նախկինում գնահատված արժեքից գրեթե 2 անգամ ավելի։

Այսպիսով, վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց առերևույթ ապօրինի գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող նշված հասարակական շինությունը և հողամասը օտարվել է հավանական շուկայական արժեքից 146.3մլն դրամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Ընդ որում պարզվել է, որ պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների, գնահատման աշխատանքների իրականացման ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին հատկացվում է դրամաշնորհ: Նման պայմաններում անշարժ գույքի գնահատման պատվիրակումը ՍՊԸ-ին և նրա կողմից գնահատման իրականցումը ի սկզբանե իրականացվել է ոչ իրավաչափ ընթացակարգով:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության ենթադրյալ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել