armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժեղացնել պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը: ԱԺ հունվարի 23-ի նիստում նախագիծը ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նա նշել էր, որ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:

«Այն թույլ կտա ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները` տրամադրվող պետական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև ապահովել թափանցիկությունը, իրականացնել մոնիտորինգ, թե ինչպիսի պետական օժանդակություն է տրամադրվում համապատասխան մարմինների կողմից և արդյոք դրանց ծառայում են իրենց նպատակին, թե ոչ»,- ասել էր Սիմոնյանը:

Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 117 «կողմ» ձայնով: