Պետք է առաջանցիկ գաղափարներ ստեղծենք և նորարարություն զարգացնենք․ Տիգրան 
Ավինյան |armtimes.com|
13:03 - 01 ապրիլի, 2019

Պետք է առաջանցիկ գաղափարներ ստեղծենք և նորարարություն զարգացնենք․ Տիգրան Ավինյան |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» միջազգային տնտեսական գիտաժողովին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Իր ելույթում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակներին հասնելու ճանապարհին կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի և զարգացման հիմնարար բաղադրիչները:

Նորարար բիզնեսի տեսանկյունից Հայաստանն արդեն հաջողություն է գրանցել` կառուցելով արագ զարգացող և միջազգային շուկային կապված ծրագրավորման և ճշգրիտ ճարտարագիտության ծառայությունների կլաստերներ: Ծրագրային ապահովման/տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերը ներառում է ինչպես վերազգային մի շարք ընկերություններ, որոնք տեղակայված են Հայաստանում, այնպես էլ հայկական ընկերություններ, որոնք արդեն իսկ հաջողությամբ արտահանում են իրենց գործունեության արդյունքները և նորարարական տեխնոլոգիաներ ներդնում իրենց արտադրական գործընթացում:

Փոխվարչապետն ընդգծել է, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ու այդ ճանապարհը պիտի լինի ոչ թե զարգացած պետություններին հասնելու համար մրցավազքին մասնակցելը, այլ ավելի առաջանցիկ գաղափարների ստեղծումը և նորարարության զարգացումը: Այս նպատակին հասնելու գործում Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային կապիտալի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարությունն առաջնահերթություն է սահմանել կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։

Սա կարևոր է, քանզի արդյունաբերական չորրորդ հեղափոխության ժամանակ առաջնային են ոչ այնքան պետության ֆինանսական կամ բնական ռեսուրսները, որքան մարդու ստեղծարարությունը, տաղանդն ու աշխատասիրությունը և դրանք առարկայացնելու կարողությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել