Պետք է հասկանալ՝ Հայկ Հարությունյանը սպանվել է, թե՞ ինքնասպան է եղել. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|
09:07 - 25 հոկտեմբերի, 2019

Պետք է հասկանալ՝ Հայկ Հարությունյանը սպանվել է, թե՞ ինքնասպան է եղել. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Պետք է հասկանալ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը սպանվել է, թե՞ ինքնասպան է եղել: Այս մասին ԱԺ ճեպազրույցնեի ժամանակ այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ նախաքննական մարմնի որակյալ աշխատանքը շատ կարևոր է այս հարցում, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն:

«Մարտի 1-ի գործով շատ կարևոր վկա այլևս չկա, տեսնում եք, վկաները կամ փախնում են, կամ այսպիսի դժբախտ դեպքեր են լինում: Նույնը եղավ հոկտեմբերի 27-ի դեպքում, կարևոր վկաները մեկը մյուսի հետևից ինչպիսի առեղծվածային մահով հեռացան: Եվ երեկվանից մամուլում շահարկվում է հարցը՝ եթե Նաիրի Հունանյանը խոսի, սա ո՞ւմ է ձեռնտու: Սա ձեռնտու է Հայաստանի պետականությանը: Բայց Նաիրի Հունանյանի խոսելը վերջին ճշմարտությունը չէ»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի փաստահավաք խմբի կողմից հրավեր ստանալուց հետո եկել էր ու դռան մոտից հետ գնացել:

«Իրոք, մեր հրավերն ընդունել էր պարոն Հարությունյանը երկու անգամ: Առաջին անգամ իր օգնականը տեղյակ պահեց, որ պարոն Հարությունյանը գալիս է: Օգնականը եկավ, մի հատ սենյակը նայեց, տեսավ որտեղ է, մենք ոնց ենք նստած: Մենք սպասում էինք, որ պետք է հիմա Հայկ Հարությունյանը գար: Կես ժամ սպասեցինք, հասկացանք, որ Հայկ Հարությունյանը տարածքում ինչ-որ տեղից դուրս է եկել և մեզ մոտ չի հասել: Ես գնահատեցի, որ Հայկ Հարությունյանն ունի պրոբլեմ այդպիսի միջավայրում շփվելու ու հարցերի պատասխանելու:

Եվ ես հասկանում եմ այդ պրոբլեմն ինչից է գալիս, որովհետև Հայկ Հարությունյանը, եթե գար հասներ ներս, և փակ դռների հետևում մենք շփվեինք իրար հետ, ինքը շատ հարցերի պատասխան տալու էր: Դրանից առաջ նա եղել էր պարոն Նիկոյանի ղեկավարած պառլամենտական հանձնաժողովում և տվել էր այնպիսի պատասխաններ, որոնք հետագայում փաստահավաք խումբը վերցրեց իր ուսումնասիրության տիրույթ:

Դա այն մասին էր, որ եղել է շտաբ, և շտաբի որոշումները կատարել են ուժային կառույցները: Հայկ Հարությունյանը մարդկայնորեն շատ ծանր էր տանում, որ լինելով այդ պաշտոնն զբաղեցրած անձնավորություն, այնուամենայնիվ կատարել էր գործողություններ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել