Պետք է նստեն գոնե ակնառու հանցագործ քննիչները, դատախազներն ու դատավորները. Նինա Կարապետյանց |epress.am|

11:07 - 25 մայիսի, 2019

epress.am: Արդարադատության ոլորտում ամենամեծ խնդիրը դա հենց դատական համակարգն է ամբողջությամբ, դատախազությունն է ամբողջությամբ, քննչական մարմիններն են ամբողջությամբ։ Այս մասին խոսում է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, փաստաբան Նինա Կարապետյանցը։

Առանձին պաշտոնյաներին փոխելը, ըստ իրավապաշտպանի, ոչինչ չի փոխում։ «Ես մինչև հիմա չեմ վստահում, օրինակ դատախազությանը։ Եթե չի փոխվել առնվազն գոնե գլխավոր դատախազը, եթե պատասխանատվության չեն ենթարկվել այն բոլոր մեղադրող դատախազները, ովքեր ժամանակին անմեղ մարդկանց դեմ մեղադրանք են ստորագրել, վերահսկող դատախազ են եղել և հետո դատարաններում պաշտպանել են այդ մեղադրանքը․․․ Եթե իրենց նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել, ես այդ համակարգին չեմ վստահում դատախազ»։

Կարապետյանցը նշել է, որ բազմիցս՝ դեռևս մեկ տարի առաջ, ասել է, որ այդ համակարգը հակված չէ փոփոխության, որովհետև արդարադատության կայանալու դեպքում իրենցից շատերը պետք է հայտնվեն անազատության մեջ, հետևաբար իրենց ձեռնտու չէ փոփոխություններ անել։ «Իրենք ամեն գնով՝ տեղ-տեղ տեսանելի, տեղ-տեղ անտեսանելի հանրության համար գործողություններ են իրականացնում, որոնք բերելու են հեղափոխության տապալմանը։ Ես դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ հեղափոխության տապալումը լինելու է դատական և արդարադատական համակարգերի միջոցով»։

Կադրերի պակասի վերաբերյալ Կարապետյանցը ասել է․ «Կարելի է համակարգից հեռացնել ակնառու հանցագործներին։ Պարտադիր պայման է քրեական պատասխանատվության ենթարկելը․ դա է լինելու միակ երաշխիքը, որ վաղը, մյուս օրը որևէ քննիչ, դատախազ, դատավոր, երբ իրենց զանգեն ու հրահանգեն ապօրինի գործողություն կատարել, ինքը հարցնի՝ հետո դուք եք իմ փոխարեն քրեակատարողական հիմնարկում նստելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել