Պետք է տեսնենք «Արմաթ» լաբորատորիաների արդյունքը, արդյունավետությունը Արայիկ Հարությունյան |tert.am|
15:46 - 22 հունվարի, 2020

Պետք է տեսնենք «Արմաթ» լաբորատորիաների արդյունքը, արդյունավետությունը Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am:   Մենք պետք է տեսնենք հանրակրթական դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման արդյունքը, արդյունավետությունը և հետագա մեր քայլերի մասին որոշումներ կկայացնենք:

Այս մասին այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Իրենք  ինչ քաղաքականություն և ռազմավարություն ունեն սրա հետ կապված, դա իրենց խնդիրն է: Բայց այդ մարդկանց շանտաժային բառապաշարն այլևս չի աշխատելու: Եթե նախորդ կառավարությունների դեպքում դա աշխատել է, հիմա չի աշխատելու»,- նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական լաբորատորիաներ տեղադրելու հարցում կառավարության քաղաքականությունը չի փոխվել. «Շարունակման ձևի մասին է խոսքը, ոչ թե ծրագրի շարունակման: Այս դաշտում մրցակցային միջավայր ստեղծելու մասին խոսել ենք դեռ մարտ ամսին անցած տարվա: Մեկ անձից գնումները մրցակցային դաշտ չեն ստեղծում, մենք ուզում ենք մրցակցային դաշտ ստեղծել: Ի վերջո, այդ մրցակցության արդյունքում կարող է ֆիքսենք, որ «Արմաթը» լավագույն նախագիծն է, բայց դա պետք է լինի մրցակցության միջոցով»:


Հիշեցնենք, որ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դժգոհություն էր հայտնել, որ 2020 թ. բյուջեով Կառավարությունը գումար չի նախատեսել դպրոցներում նոր տեխնոլոգիական լաբորատորիաներ ներդնելու համար:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2020 թ. բյուջեում միջոցների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Կառավարությունը նախատեսում է նոր լաբորատորիաներ ստեղծել լրացուցիչ միջոցների ներգրավման արդյունքում, ինչպես նախորդ տարի՝ 284 նոր խմբակի համար պետբյուջեից հատկացվեց 834 մլն 250 հազար դրամ:

«707 լաբորատորիաների թիվ ենք դրել, որին կհասնենք և լրացուցիչ միջոցների արդյունքում կշարունակենք ծրագիրը՝ մրցակցային դաշտում: Ընդհանուր թիվն այս պահին 575 է: Երբևէ Կառավարությունը բացի աշխատավարձից գումար չի հատկացրել, բայց մենք անցած տարի ներդրեցինք 284 նոր լաբորատորիաներ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել