ermenihaber.am:   Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող «Սանասարյան տուն» (Սանասարյան հան) անշարժ գույքը 35 տարով վարձակալության հանձնելու համար մրցույթ էր հայտարարել: Պոլսի հայոց պատրիարքարանը նախկինում հայ համայնքին պատականած, ապա պետության կողմից բռնագրաված շինության (ներկայում շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում) շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել :

Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվել է, որ դատական գործընթացը դեռ չավարտված «Սանասարյան տունը» աճուրդի հանելու Հիմնադրամների գլխավոր վարչության որոշումը հակասում է արդարությանը:



Բացի այդ ընդգծվել է, որ մրցույթը և դրան հաջորդող փուլերը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ անշարժ գույքի նկատմամբ հայ համայնքի իրավունքները վերականգնելու պահանջի վրա:

Պոլսի Հայոց պատրիարքության ու Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության միջև Սանասարյան տան վերաբերյալ դատական վեճը հետևյալ նախապատմությունն ունի.

Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան: Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը: Սակայն շատ չանցած Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել էր՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը: Դրանից հետո պատրիարքարանը վեճը տեղափոխեց Թուրքիայի ամենաբարձր դատական ատյան՝ Սահմանադրական դատարան: Այս դիմումի քննությունը դեռևս չի ավարտվել: .