tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք կողմերը շատ բարձր են գնահատում: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:

Թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման սկզբում ՌԴ նախագահը շեշտել է սիրիական նահանգում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիայի նախագահի հետ դեմառդեմ զրուցելու անհրաժեշտությունը:

«Մենք միշտ էլ խոսելու թեմա ունենք, բայց հիմա հայտնի գոտում` Իդլիբում, իրավիճակն այնքան է սրվել, որ այն պահանջում է մեր ուղիղ շփումը»,-ասել է Պուտինը` բացելով ռուս-թուրքական բանակցությունները:

Ռուսաստանի առաջնորդն իր ցավակցություններն է հայտնել Էրդողանին Իդլիբում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ և վստահեցրել է, որ սիրիացի զինվորականները տեղյակ չեն եղել նրանց գտնվելու վայրի մասին:

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ ցավակցություննեը հղել Սիրիայում ձեր զինծառայողների մահվան կապակցությամբ»,-դիմել է Ռուսաստանի նախագահն իր թուրք գործընկերոջը:

Պուտինը նշել է, որ «մարդկանց մահը միշտ մեծ ողբերգություն է»:

«Ցավոք, ինչպես ես արդեն ասել եմ հեռախոսազրույցի ժամանակ, ոչ ոք, այդ թվում սիրիացի զինծառայողները, տեղյակ չեն եղել նրանց գտնվելու վայրի մասին»,-նշել է Պուտինը:

Նրա խոսքով` «այս ընթացքում տուժել են նաև սիրիացի զինծառայողները, սիրիական բանակը լուրջ կորուստներ ունի»: