ՋՕԸ-երի կուտակած պարտքերի ոդիսականը |hetq.am|
08:39 - 06 հուլիսի, 2019

ՋՕԸ-երի կուտակած պարտքերի ոդիսականը |hetq.am|

hetq.am: Հաշվեքննիչ պալատն իր 2018թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ անդրադարձ է կատարել նաև «Ջրառ» ՓԲԸ-ին ու ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ): Հաշվեքննության արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, ռիսկային ու չհիմնավորված ծախսեր:

Մասնավորապես, հաշվեքննիչ պալատը ռիսկային է գնահատել 2017-ի և 2018թ. հոկտեմբերի 1-ի դրույթմաբ գարնանային նախապատրաստական աշխատանքների մասով կատարված ծախսերը՝ շուրջ 460 մլն դրամի չափով, որից 233 մլն դրամը՝ կանխիկ: Այդ աշխատանքների իրականացումը փաստաթղթերով հիմնավորված չէ, իսկ գնումների գործընթաց չի իրականացվում:

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ աշխատանքների արժեքներն էականորեն բարձր են: Օրինակ՝ հաստիքային աշխատողին ամսական վճարվում է 80 հազար դրամ, իսկ նմանատիպ աշխատողի հետ կնքվում է պայմանագիր՝ 27 օրվա համար 917 հազար դրամ: Մեկ այլ դեպքում բացահայտվել է, որ «ԶԻԼ» մակնիշի մեքենաների շուկայական արժեքը 2 մլն 500 հազար դրամ է մինչդեռ այդ ավտոմեքենաները 30-42 օրվա համար վարձակալվում են միջինը 1 մլն 2 հազար դրամով, «Կամազ» մակնիշի մեքենաները՝ 1 մլն 5 հազար դրամով:

ՋՕԸ-երի կողմից կատարվել է նմանատիպ 1 մլրդ 700 մլն դրամի ռիսկային ծախս:

Դրա հետ մեկտեղ ՋՕԸ-երը կուտակել են մեծ պարտքեր: Հիշեցնենք, որ կառավարությունը հուլիսի 4-ի նիստի ժամանակ որոշել է 4 միլիարդ դրամ հատկացնել Ջրօտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով։ Այդ գումարը հատկացվելու է Ջրօգտագործողների ընկերություններին։ ՋՕԸ-երի կուտակած մեծ պարտքերի, հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտում է ոռոգման շրջանը կազմակերպելուն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ գումարը տրամադրվում է այս տարվա ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար։ Ըստ նախարարության, Ջրօգտագործողների ընկերությունները կուտակել են, մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր և չորային եղանակին առնչվող ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքեր:

Մինչդեռ հաշվեքննիչ պալատը բացահայտել է, որ համապատասխան ջրանցքով ինքնահոս եղանակով Սևանից ստացված ջուրն ուղղվել է պոմպակայանների ավազաններ և այնտեղից հետ է մղվել նույն ջրանցքը: Նման կերպ ծախսվել է հավելյալ 1,1 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Համադրելով որոշ պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի ծավալը դրանց տեխնիկական ցուցանիշների հետ, պարզվել է, որ «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից 2017-ին և 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ պակաս է հաշվարկվել ընդհանուրը 154 մլն 500 հազար դրամ արժեքով մեխանիկական եղանակով ստացված ջուր:

ՋՕԸ-երի կողմից չեն պահպանվել «Ջրառ» ՓԲԸ-ին ներկայացված ոռոգման ջրի տրամադրման պլան-ժամանակացույցները, ինչն ազդեցություն է ունենում Սևանա լճից բաց թողնվող ջրի, Մխչյանի և Ռանչպարի դոտացիոն պոմպային կայանններով մղվող ջրիծավալների, հետևաբար նաև ծախսված էլեկտրաէներգիայի ծավալների վրա:

Արձանագրվել է, որ ՋՕԸ-երի կողմից ջրի դիմաց գումարի գանձումն իրականացվում է նաև կանխիկ եղանակով:

Անձանագրվել է նաև, որ Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել են օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի և նորմաների անհամապատասխանություններով: Դրա արդյունքում նախահաշվային արժեքը բարձր է հաշվարկվել 1 մլրդ 600 մլն դրամի չափով:

Ստացվում է, որ ջրային ոլորտը համակարգողների անբարեխիղճ աշխատանքի, ինչու չէ նաև անփությության հետևանքով առաջացած ծախսային բեռը դրվում է հարկատուների վրա, քանի որ կառավարությունը որոշել է ՋՕԸ-երի պարտքերը փակել պետական միջոցներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել