ՋՕԸ-երն օրեր շարունակ մաքրել ու բեռնատարներով տեղափոխել են ջրանցքների աղբը |hetq.am|
09:44 - 10 ապրիլի, 2020

ՋՕԸ-երն օրեր շարունակ մաքրել ու բեռնատարներով տեղափոխել են ջրանցքների աղբը |hetq.am|

hetq.am: Արարատյան դաշտում ոռոգման սեզոնի մեկնարկը կհայտարարվի հաջորդ շաբաթվանից: 

«Ջրօգտագործողների ընկերությունների» (ՋՕԸ) տնօրեններն ասում են, որ տարին անձրեւային է եւ դեռեւս ջրի մեծ պահանջարկ չկա: Արարատի մարզում տարվա առաջին հայտերը ներկայացրել են կաղամբ եւ կարտոֆիլ մշակողները՝ վերջին երկու օրերի ցրտահարությունը մեղմելու համար: ՋՕԸ-երի ղեկավարները վստահեցնում են, որ առաջնային ջրանցքներն արդեն մաքրել են եւ այս պահին կարող են ջուր մատակարարել գյուղացուն:

«Ջրօգտագործողների ընկերությունների» գործելաոճն այս տարի նկատելիորեն փոխվել է, ընկերություններն էջեր ունեն facebook սոցիալական ցանցում, որտեղ ամեն օր թարմացվող լրատվությամբ տեղեկացնում են կատարվող աշխատանքների մասին: Նրանցից մեկը՝ «Արմավիր» ՋՕԸ-ն, նաեւ կայքէջ ունի, եւ դա հուսադրում է, որ այս չարչրկված եւ խորհրդավոր ոլորտում ի վերջո պարզություն կմտնի՝ բնակչության հետ բաց եւ հրապարակային երկխոսություն ծավալելու միջոցով: 

ՋՕԸ-երն իրենց սպասարկման տարածքներում այս օրերին գարնան նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ մաքրվում են միջտնտեսային եւ ներտնտեսային ջրանցքները, վերանորոգվում եւ տեղադրվում են պոմպակայանները, խորքային հորերի ենթակայանները եւ այլն: 

«Ի սկզբանե աշխատանքները տարանջատել էինք երկու մասի. սկզբում առուներն ու ջրանցքներն ենք մաքրել, եւ հիմա արդեն ջուրը հոսում է ջրանցքներում: Դա չի խանգարում մյուս աշխատանքներն ավարտին հասցնելուն: Համայնքների մեծ մասում ցեմենտբետոնյա աշխատանքներն ավարտել ենք: Երեք օրից կավարտենք մեքենատրակտորային աշխատանքները, իսկ մինչեւ շաբաթվա վերջն ամբողջությամբ կավարտենք ձեռքով մաքրման աշխատանքները»,- հայտնեց «Արմավիր» ՋՕԸ  գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Արշակյանը:

Արմավիրի մարզն սպասարկող մյուս՝ «Էջմիածին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի ժ/պ Արման Ղալեչյանն ասում է, որ ջրամատակարարումն սկսել են այն համայնքներից, որտեղ ոռոգումն ավելի վաղ է սկսվում: Մի քանի անգամ հավաքված անձրեւաջրերն են տվել ոռոգման համար:

Ընկերությունը դեռեւս չի ավարտել համակարգը բարեկարգելու աշխատանքները: Մարտ ամսից ձեռքի եւ հատուկ տեխնիկայի միջոցով իրականացնում են առվահանման, ներտնտեսային եւ միջտնտեսային ջրանցքների մաքրման ու նորոգման, խորքային հորերի, ապամոնտաժված տրանսֆորմատորների մոնտաժման, պոմպերի ու շարժիչների նորոգման, խողովակների զոդման եւ այլ աշխատանքներ: 

«Համալիր միջոցառումների արդյունքում ՋՕԸ-ի սպասարկման տարածքում ակնկալվում է արդյունավետ ոռոգման սեզոն»,- համոզված է  Արման Ղալեչյանը

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը հաստատում է, որ այս տարի ՋՕԸ-երն ավելի մեծ ծավալի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ են կատարել: Գարնան նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար պետբյուջեից սուբվենցիա է տրամադրվել նրանց: «Աշխատանքի 70%-ն արդեն իրականացրել են: Գումարը հատկացրել է Ջրային կոմիտեն, ինքն էլ վերահսկում է աշխատանքները»,- հայտնեց պրն Դաղբաշյանը: 

Արտակարգ դրության պայմաններից ելնելով ՋՕԸ-երը հետաձգել են բնակիչների հետ պայմանագրեր կնքելու եւ ջրապահանջարկի տարվա հայտերը լրացնելու աշխատանքները: ՋՕԸ-երի ղեկավարներն ասում են, որ ջրբաշխներին թույլ չեն տալիս տներն այցելել, բայց ջրի պահանջ ներկայացնող գյուղացիների հետ հանդիպում են դաշտերում եւ հայտերը լրացնում են: 

Հետեւաբար, Արարատի եւ Արմավիրի մազերի ՋՕԸ-երը հետաձգել են նաեւ «Ջրառ» ՓԲԸ-ին ներկայացվող ջրապահանջարկի տարեկան հայտը: Նրանք ասում են, որ նախորդ տարիների մոտավոր հաշվարկով նախնական հայտեր են ներկայացրել «Ջրառ»-ին: Երբ մշակաբույսերի քանակը հայտերով կճշտեն, ավելի որոշակի կլինի  ջրապահանջարկը «Ջրառ» ՓԲԸ-ից: 

««Արմավիրում մեծ տարածք են զբաղեցնում այգիները, մեզ հայտնի է նաեւ բազմամյա մշակաբույսերի համար չփոփոխվող ջրառի քանակը, այդ հաշվարկով նախնական հայտ ենք ներկայացրել, իսկ հուլիսի 1-ին, երբ հայտերն ընդունված կլինեն, ուղղում կտանք «Ջրառ»-ին»,- ասում է «Արմավիր» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը: Վերջինս նշեց նաեւ, որ դեռեւս «Ջրառ»-ից վերցվող ջրով ոռոգում չեն կատարում, հիմա մեխանիկական եղանակով է ոռոգումն իրականացվում, իսկ կանալի ջուրն ամբարվում է Սեւջուր գետի ավազանում, որպեսզի հետո օգտագործվի ոռոգման համար:

Արարատի մարզի հողերի մի մասի սպասարկումն իրականացնող «Արտաշատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի ժ/պ Կառլեն Մկրտչյանն ասում է, որ ջրօգտագործողների մի մասի հետ հասցրել են պայմանագիր կնքել, ջրամատակարումն սկսելու հետ մեկտեղ կշարունակեն աշխատանքները: Այս ՋՕԸ-ի սպասարկման տարածքում  հայտավորված է 11,500 հա հողատարածք, որը ոռոգելու համար 120 մլն խմ ջուր են վերցնում «Ջրառ»-ից:  Ջրապահանջարկը դեռեւս չեն ներկայացրել, բայցեւ չեն անհանգստանում, քանի որ ոռոգման սեզոնը դեռեւս չի սկսվել: Եթե ջրի պահանջարկ լինում է՝ տալիս են խորքային հորերից:  

Կորոնավիրուսը բավականին տարածված է Արարատի մարզում: «Արարատ» ՋՕԸ-ի տնօրեն Նշան Հակոբյանը խնդրահարույց է համարում աշխատանքը այն գյուղերում, որտեղ վարակակիրներ կան, ուստի պայմանագրեր կնքելը հետաձգել են: 

ՋՕԸ-երը ջրօգտագործողներին տեղեկացրել են նաեւ, որ կորոնավիրուսի (COVID-19) պատճառով անժամկետ հետաձգում են ներկայացուցչական ժողովներ հրավիրելը:

«Պայմանավորվենքոր այլեւս աղբը թափելու ենք աղբավայրումայլ ոչ թե ջրատարերում»

Ջրանցքներում աղբահանություն իրականացնելն աշխատատար եւ լրացուցիչ ծախսեր պահանջող գործ է դարձել ՋՕԸ-երի համար: Բանն այն է, որ ոռոգման սեզոնից հետո, հատկապես բնակավայերի միջով անցնող ջրանցքները, մինչեւ գարուն վերածվում են աղբավայրերի: Բնակիչներն անարգել դրանց մեջ են նետում ոչ միայն կենցաղային աղբը, պլաստիկե տարաները, այլեւ կոշտ մետաղական աղբը: ՋՕԸ-երն իրենց հրապարակած տեսանյութերում ցուցադրում են օրեր շարունակ մաքրվող ու բեռնատարներով տեղափոխվող աղբը:   

«Էջմիածին» ՋՕԸ-ի ժ/պ Արման Ղալեչյանն ընկերության facebook-ի էջում անդրադարձել է Փարաքարի եւ Թաիրովի ներհամայնքային ոռոգման համար նախատեսված ջրատարի անմխիթար եւ հակասանիտարական վիճակին: Փարաքարիցների շրջանում առավել հայտնի «Շադրլու» ջրանցքն անմխիթար վիճակում է եղել, ջրանցքն  արդեն մաքրվել է եւ աղբատար չդարձնելու համար կծածկվի: «Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրենը խնդրանքով դիմել է փարաքարցիներին ու թաիրովցիներին. «Պայմանավորվենք, որ այլեւս աղբը թափելու ենք աղբավայրում, այլ ոչ թե ջրատարերում»:

 

Համայնքներում ոռոգման ներտնտեսային համակարգը մաքրելու գործը համայնքապետարանների պարտավորությունն է, իսկ որոշ հատվածներում՝ ՋՕԸ-ինը:  «Արմավիր» ՋՕԸ գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Արշակյանն ասում է, որ այս տարի տեղափոխել են նաեւ վերջին տարիներին առուներից մաքրված աղբը, որը կուտակել էին համայնքի տարածքում:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել