Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ջերմուկ քաղաքում Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող աշակերտներից մեկը պատմում էր, թե դպրոցի տնօրենն իրեն փոխանցել է. «Ծնողիդ կասես, թող գա դիմում գրի, քեզ հանի դպրոցից»:

Ըստ նրա՝ տնօրենն իրենց դասարանի մոտ բարձր դասարանի աշակերտներ է ուղարկել, որոնք էլ փոխանցել են նրա ասածը:

Ջերմուկի կրթահամալիրի տնօրեն տիկին Արսենյանը մեզ հետ զրույցում ժխտեց, որ սպառնացել է որևէ աշակերտի դպրոցից հեռացնել:

«Նա 6-րդ դասարանի աշակերտուհի է: Իր դասարանի դասղեկը երկու երեխա է ուղարկել, որ բոլորին ասեն՝ դասապրոցես կա, աշխատում ենք, և երեխաները մասնակցեն դրան: Ես նույնիսկ այդ աշակերտին չեմ ճանաչում: Ինքն էլ շատ լավ սովորող, հրաշալի աշակերտուհի է, վախեցել է, սկսել է հուզվել դրանից»,- նշեց տիկին Արսենյանը:

Համացանցում տարածված մեկ այլ տեսանյութում էլ ջերմուկցի մի աշակերտ բողոքում էր, թե դպրոցներից մեկի դռները փակվել են, և դասադուլին մասնացող աշակերտները չեն կարողանում դուրս գալ:

Տիկին Արսենյանը նշեց, որ չնայած իրենց դպրոցի դռները սովորաբար փակ են լինում, այսօր բաց են եղել, և աշակերտների կամքին են թողել՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել դասադուլին:

Տնօրենի խոսքով՝ իր և ուսուցիչների միակ առարկությունն այն է, որ աշակերտները չպետք է խառնվեն քաղաքական ակցիայի:

Այն դիտարկմանը, թե սա բնապահպանական ակցիա է, ոչ թե քաղաքական, տիկին Արսենյանը նշեց, որ սա արդեն վերածվել է քաղաքական հարցի:

«Աշակերտին պետք է զերծ պահել այդ ամեն ինչից, թող ծնողները մասնակցեն, Ջերմուկ համայնքի բնակիչները մասնակցեն, ուսուցչական անձնակազմը մասնակցի, առողջարանի անձնակազմը մասնակցի»,- ասաց նա:

Տիկին Արսենյանը նշեց, որ ինքը դեմ չէր լինի, եթե ակցիան կազմակերպվեր շաբաթ կամ կիրակի օրը:

«Ես կհամաձայնեի, որ ոչ աշխատանքային օր անեին, եթե աշակերտները ցանկություն կունենային մասնակցելու այդ երթին արդեն հասուն տրամաբանությամբ և ոչ թե դասերի հաշվին: Դասադուլ են անունը դրել, բայց երեխաների համար շատ լավ է, որ իրենք պարզապես խուսափեն դպրոցից»,- ասաց նա: