Ջրամբարի տարածքն ամսական 20 հազար դրամով վարձակալության է տրվել Հովիկ Աբրահամյանի եղբոր ընկերությանը |hetq.am|
10:07 - 15 հունիսի, 2019

Ջրամբարի տարածքն ամսական 20 հազար դրամով վարձակալության է տրվել Հովիկ Աբրահամյանի եղբոր ընկերությանը |hetq.am|

hetq.am: Հաշվեքննիչ պալատը հաշվեքննիչ ստուգում է իրականացրել «Ջրառ» ՓԲԸ-ում և բացահայտել մի շարք չարաշահումներ: Բացահայտվել է, որ ՓԲԸ-ին պատկանող գույքը հանձնվել է վարձակալության օրենսդրության պահանջների անտեսումով, իսկ վարձավճարները եղել են մատչելի: Մասնավորապես, պարզվել է, որ «Գրին Էներջի Կոնցեռն» ՍՊԸ-ին Վերնաշենի պոմպակայանը վարձակալությամբ է տրամադրվել ամսական 220 հազար դրամով: Իսկ «Գրին Էներջի Կոնցեռն» ՍՊԸ-ն պոմպակայանը գրավադրել է՝ ստանալով վարկային գիծ:

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել է «Գրին Էներջի Կոնցեռն» ՍՊԸ-ին: Վերջինս հիմնադրվել է 2015թ. հոկտեմբերին: Ընկերության հիմնադիր-բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է: Նա «Մինա-մայա» ՍՊԸ-ում հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ հավասարապես կիսում է ընկերության կողմից շահագործող երկու հէկերի բաժնեմասը: «Մինա մայա» ընկերությանն է պատկանում Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր փհէկ-1» փոքր հէկերը:

Մեկ այլ դեպքում «Յագուար կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին Հեր-Հեր ջրամբարի տարածքը վարձակալությամբ տրամադրել է ամսական 20 հազար դրամով՝ ձկնաբուծության նպատակով:

«Հետք»-ը դեռ տարիներ առաջ գրել էր, որ ««Յագուար» կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ. և ամբողջությամբ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին: Ընկերությունը պետռեգիստրում գրանցվել է որպես հազվադեպ և անհետացման եզրին կանգնած վայրի կենդանիների պաշտպանության և վերարտադրության, հաղթանշանային որսի կազմակերպման, էկոտուրիզմի և որստուրիզմի կազմակերպմամբ և նմանատիպ այլ գործունեությամբ զբաղվող ընկերություն:

Հեր-Հեր ջրամբարից 2 հէկերի համար էներգետիկ նպատակով 2017-ին և 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բաց է թողնվել 40.5 մլն խմ ջուր, որի դիմաց «Ջրառ» ՓԲԸ-ն ստացել է ընդամենը 3 մլն դրամ՝ 31 անգամ պակաս գումար: Մինչդեռ մատակարարված ջրի ինքնարժեքը կազմել է շուրջ 93 մլն դրամ:

Նշենք, որ հաշվեքննիչ պալատի ստուգումն ընդգրկել է 2017թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել