Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
 |news.am|
19:45 - 30 մարտի, 2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել |news.am|

news.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը: Այս մասին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։

«Ասուլիսի ժամանակ ես հայտնել էի, որ վերաքննիչ բողոք ենք պատրաստվում ներկայացնել եւ ներկայացրինք։  Համարում ենք, որ այդպիսով դատարանները խախտում են պարոն Քոչարյանի իրավունքը, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով։ Քանի դեռ դա այդպես է, ուրեմն մենք պիտի կարողանանք բողոքարկել այդ հանգամանքը»,- ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին չէր կայացել  Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է քննվեր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։  Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկ են ներկայացրել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Դատական նիստը չէր կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել