hetq.am։ Օրեր առաջ ռուսական մամուլում լուր տարածվեց այն մասին, որ Ռուսաստանի «Իկար» ավիաընկերությունը (ներկայանում է «Pegas Fly» ապրանքանիշով) չվերթներ է իրականացնելու Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի ու Երեւանի միջեւ: Հաշվի առնելով Ղրիմի՝ որպես ռուսական տարածք միջազգայնորեն ճանաչված չլինելու հանգամանքը՝ այս լուրը բավականին հետաքրքիր էր: Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ խոսակցություն է բացվում Հայաստանից դեպի Ղրիմ ուղիղ չվերթների մասին:

2014-ի մարտին Ղրիմը հանրաքվեով միացավ Ռուսաստանին, ինչը, սակայն, Ուկրաինայի եւ միջազգային հանրության կողմից համարվեց ռուսական անեքսիա: Նույն տարվա սեպտեմբերին խոսք բացվեց Սիմֆերոպոլ-Երեւան-Սիմֆերոպոլ չվերթների մասին: Այդ մասին պաշտոնապես հայտնել էր Ղրիմի տրանսպորտի նախարարը: Ուկրաինայի կազմից դուրս գալուց հետո Ղրիմից դեպի Հայաստան եւ Թուրքիա ուղիղ չվերթները պիտի լինեին առաջին միջազգային թռիչքները Սիմֆերոպոլի օդանավակայանի համար: Երեւանն ու Սիմֆերոպոլն իրար պիտի կապեր չեչենական «Գրոզնիա Ավիան», սակայն ուղիղ չվերթներ այդպես էլ չկայացան:

«Հետքի» աղբյուրն այն ժամանակ հայտնել էր, որ ուղիղ չվերթների մասին լուրից հետո ամրիկյան կողմը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, ինչից հետո էլ Երեւանի ու Ղրիմի միջեւ թռիչքները փոփոխության ենթարկվեցին: «Գրոզնիա Ավիան» փոխեց երթուղին. ավիաընկերությունը 2014-ի նոյեմբերից մեկնարկեց Երեւան-Անապա-Սիմֆերոպոլ չվերթը: Քանի որ թռիչքի Անապա-Սիմֆերոպոլ հատվածը Ռուսաստանի տիրույթում էր, Հայաստանի հանդեպ որեւէ դժգոհություն չէր կարող լինել: Բայց արժե նշել, որ «Ռոսավիացիան» չեչենական ընկերությանը դեռ 2014-ի ամռանը թույլատրել էր իրականացնել Սիմֆերոպոլ-Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթներ, ավելին՝ ընկերության կայքում տոմսեր էին առաջարկվում ոչ թե Երեւան-Անապա, այլ հենց Երեւան-Սիմֆերոպոլ ուղղության համար:

Միջազգային թռիչքների համար փակ է ոչ միայն Սիմֆերոպոլի օդանավակայանը, որը 2014-ի մարտից ընդունում է բացառապես ներռուսաստանյան չվերթներ, այլեւ փակ է համարվում Ղրիմի օդային տարածքը, որը, սակայն, ռուսական կողմն անտեսում է: 2014-ից մինչ օրս Ուկրաինան հսկայական տուգանքներ է հաշվարկել ռուսական օպերատորների նկատմամբ, որոնք, ըստ ուկրաինական կողմի, ապօրինաբար ավիափոխադրումներ են իրականացնում դեպի Ղրիմ: Եթե Ռուսաստանն իրեն կարող է թույլ տալ անտեսել Ուկրաինայի եւ միջազգային հանրության պահանջները, ուշադրություն չդարձնել ICAO-ի եւ Եվրակոնտրոլի պահանջներին, ապա նույն բանը հասկանալի պատճառներով չի կարող անել մեր երկիրը:

Նկատենք, որ ինչպես 2014-ին, այս անգամ էլ «Ռոսավիացիան» իր փոխադրողին թույլատրել է (ավիացիոն բառապաշարում՝ նշանակել է) ուղիղ չվերթներ իրականացնել Սիմֆերոպոլի ու Երեւանի միջեւ: Այսպես՝ 2019 թ. դեկտեմբերի 16-ին «Ռոսավիացիայի» ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Սուխանովը բավարարել է «Իկար» ավիաընկեության հայտը եւ թույլատրել վերջինիս շաբաթական 7 անգամ հաճախականությամբ իրականացնել Սիմֆերոպոլ-Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթներ: Սրանից բացի՝ «Իկարը» ստացել է նաեւ Ստավրոպոլ-Երեւան-Ստավրոպոլ եւ Ուֆա-Երեւան-Ուֆա կանոնավոր թռիչքների թույլտվություն (երկուսի դեպքում էլ՝ շաբաթական 2 անգամ):

Շարունակությունը՝ hetq.am-ում