Ռուսաստանյան դաշնային ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածել ուկրաինական ընտրությունների վերաբերյալ |fip.am|
11:54 - 02 ապրիլի, 2019

Ռուսաստանյան դաշնային ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածել ուկրաինական ընտրությունների վերաբերյալ |fip.am|

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը, որը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դաշինք է՝ հիմնված 2012 թ.-ին Արևելյան գործընկերության երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, Ուկրաինայում կիրակի օրը՝ մարտի 31-ին, կայացած նախագահական ընտրությունները եղել են արդար, չեն արձանագրվել կեղծ դիտորդական առաքելություն իրականացնող անձինք, ինչն արդեն դրական տեղաշարժ է և կարող է օրինակ լինել մյուս երկրների համար։ Ռ

ուսաստանյան ԶԼՄ-ները, սակայն, տեղի ունեցողը ներկայացրել են որպես ոչ ժողովրդավարական գործընթաց՝ լի ընտրախախտումներով և ճնշումներով։
Դեռ կիրակի երեկոյան ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքները փորձեցին հապճեպ ամփոփել Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ России-1-ի կիրակնօրյա լրատվական ծրագրի մեկնաբան Դիմիտրի Կիսելյովը նախընտրական քարոզարշավն անվանեց Ուկրաինայի պատմության ամենակեղտոտ ընտրարշավը։

«Քիչ մարդ է հավատում, որ հաշվարկն արդար կլինի, քանի որ բուն նախընտրական քարոզարշավը դարձավ ամենակեղտոտն Ուկրաինայի պատմության մեջ, իսկ նախընտրական խախտումներն այնքան կոպիտ են, որ անհասկանալի է, թե ինչպես կարելի է ընդունել այդպիսի ընտրությունների արդյունքները»,- հայտարարեց Դիմիտրի Կիսելյովը։

Ռուսական «Առաջին ալիքը» Ուկրաինայում կայացած ընտրությունները որակեց որպես քաոսային, լի կեղծումներով, ընտրատեղամասերում ծեծկռտուքներով, «մեռած հոգիների» ներգրավմամբ, ինչպես նաև հնարավորություն չտալով քվեարկելու միլիոնավոր ուկրաինացիների։ Ըստ «Առաջին ալիքի» հաղորդման, ոստիկանությանն ավելի քան 2000 բողոք է ներկայացվել, կիրառվել են չքացող թանաքով գրիչներ, ընտրակաշառք է բաժանվել։

Մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոց էլ՝ Российская газета-ն, անդրադառնալով Ուկրաինայի նախագահական ընտրություններին, գրեց, թե լարված իրավիճակ է եղել, ավանդական ճնշումներ են իրականացվել, այդ թվում՝ ծեծկռտուք ընտրատեղամասերում, անգամ հրկիզման փորձեր։ Ըստ լրատվամիջոցի, տեղի են ունեցել Ուկրաինայի պատմության ամենակեղտոտ և անարդար նախագահական ընտրությունները, որոնք ընդունելի են եղել ընտրությունների մասնակիցների և դիտորդների կողմից։

Նշենք նաև, որ OPORA ուկրաինական քաղաքացիական ցանցը ևս դիտորդական առաքելություն իրականացնելիս ընտրությունների արդյունքների վրա ազդող ընտրախախտումներ չի հայտնաբերել։ Ըստ դիտորդական խմբի հայտարարության, ընտրություններն անցել են մրցակցային և եղել են ընտրությունների չափանիշներին համապատասխան։

Ուկրաինայի ընտրողների կոմիտեն ևս հայտարարություն է տարածել ընտրությունների ժամանակ իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ։ Ըստ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության, չեն նկատվել այնպիսի կանոնավոր խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։

Հատկանշական է, որ ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքները և լսարան ունեցող ԶԼՄ-ներն այսօրինակ հրապարակումներում փաստական նյութեր չեն օգտագործել, ինչը կարող էր ի ցույց դրվել որպես ընտրությունների արդյունքների վրա ազդած գործընթաց։ Փաստացի, վերոնշյալ ԶԼՄ-ները փորձել են տարբեր կեղծ լուրերով և մանիպուլյատիվ խոսքով ապատեղեկատվություն տարածել՝ նսեմացնելով Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։

Ի դեպ, Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է երեկ՝ օրվա ավարտին։ Համաձայն նախնական արդյունքների, լինելու է երկրորդ փուլ՝ թեկնածուներ Վոլոդիմիր Զելենսկու և գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ:
Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 21-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել