Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները օդանավակայանում սպասում են Հայաստան վերադառնալուն  |hetq.am|
16:12 - 15 ապրիլի, 2020

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները օդանավակայանում սպասում են Հայաստան վերադառնալուն |hetq.am|

hetq.am: Արմեն Մարկոսյանն արդեն երեք օր է՝ գտնվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Արմենը սպասում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվող հատուկ չվերթին, որպեսզի կարողանա վերադառնալ Հայաստան։

Նա պատմեց, որ օդանավակայանում արդեն 100-ից ավել հայեր կան, որոնք սպասում են՝ Հայաստան վերադառնալուն։

«Երկու-երեք օր է, որ մարդիկ շատացել են։ Արդեն 120 հոգի կլինեն օդանավակայանում։ Իրենք չեն ուզում գնան հյուրանոց։ Ասում են՝ մենք գետնին էլ կքնենք, նստարաններին էլ կքնենք, մենակ մեզ տրամադրեն թռիչքներ, գնանք հասնենք, մեր ընտանիքներին»,- ասաց Արմեն Մարկոսյանը։

Թեև դեսպանությունն Արմենին և շատ հայերի առաջարկել է տեղափոխվել հյուրանոց, սակայն նրանք հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ այնտեղ պայմանները բարվոք չեն, և եթե տեղափոխվեն հյուրանոց, հատուկ չվերթի կազմակերպումը կձգձգվի կամ չի կազմակերպվի։ Արմենը սակայն տեղյակ է, որ հյուրանոցներում արդեն իսկ 60-ից ավել հայեր են տեղավորվել։

«Մենք որ գնանք հյուրանոց, ավելի շատ ենք մնալու այնտեղ։ Մեզ դրանից հետո չի տրամադրվելու չվերթ, որ գնանք տուն։ Գոնե էստեղ ժողովուրդը հավաքվում է, ուղիղ եթերներով իրենց ձայնը լսելի են դարձնում, ինքնաթիռ են տրամադրում, գնում են Հայաստան։ Մենք գնանք, էլ մեզ ոչ մի բան տրամադրող չեն»,- նշեց նա։

Արմենը պատմում է՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներն ասել են՝ մինչ կիրակի հատուկ չվերթ չի լինելու, դրանից հետո եթե մոտ 200 հոգի ուղևոր լինի, միգուցե հնարավոր լինի չվերթ կազմակերպել։ 

Արմենը տեղեկացրեց, որ դեսպանության աշխատակիցները օդանավակայանում հավաքվածներին հորդորել են գնալ իրենց բարեկմաների տներ: Մինչ հատուկ չվերթ կկազմակերպվի, իրենց կտեղեկացնեն։ Արմենը թեև Մոսկվայում բարեկամներ ունի, սակայն չի կարող նրանց տուն գնալ, քանի որ համոզված չէ, որ վարակված չէ և նրանց էլ չի վարակի։

Արմեն Մարկոսյանը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, վերելակներ էր նորոգում։

Օրեր շարունակ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված տասնյակ հայեր հույսով սպասում են Հայաստան վերադառնալուն։ Նրանցից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։ Նրանց վերադարձը կազմակերպելու համար սակայն դեռևս հատուկ չվերթ նախատեսված չէ։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել