ՍԴ-ի որոշման պատճառահետևանքային կապով Ռոբերտ Քոչարյանը պիտի  անհապաղ ազատ արձակվի. Արամ Վարդևանյան |a1plus.am|
05:36 - 11 հուլիսի, 2019

ՍԴ-ի որոշման պատճառահետևանքային կապով Ռոբերտ Քոչարյանը պիտի անհապաղ ազատ արձակվի. Արամ Վարդևանյան |a1plus.am|

a1plus.am:  Սահմանադրական դատարանը առաջին ատյանի դատարանի կողմից բարձրաձայնած մի քանի հարցադրումներից վարույթ է ընդունել առանցքայինը։ «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշմանը, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը: Խոսքը Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով հարցադրման մասին է։

«Հենց այս պատճառով էր, որ բազմաթիվ անգամներ ներկայացրել եմ, որ առաջին ատյանի դատարանի որոշումը` գործի քննությունը կասեցնելու ու ՍԴ դիմելու, բողոքարկման ենթակա չէր: Դա չէր կարող վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննարկվել, որովհետև սա բացառապես ՍԴ-ի տիրույթում գտնվող հարցադրում է: Այլ կերպ ասաց՝ ՍԴ-ի որոշումը արձագանքն է առաջին ատյանի գործողությանը, Վերաքննիչի որոշումը չէր կարող լինել դրան արձագանք»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը:

Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո, ըստ նրա՝ պետք է առաջին ատյանի դատարանը նիստ հրավիրի:

«Միջազգային պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ երեկոյան նիստ է հրավիրվում և անհապաղ անձը ազատ է արձակվում, քանի որ տվյալ դեպքում 300.1-րդ հոդվածը պետք է քննության առարկա լինի ՍԴ-ում: Միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո կարելի է խափանման միջոցի հարցին անդրադառնալ»,- ասաց նա:

Հարցին, թե հիմա առաջին ատյանի դատարա՞նն է քննելու Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով հարցադրումը, թե՞ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել և որոշել էր Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ գործը ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության, Արամ Վարդևանյանը նշեց, որ դրանք առանձին գործընթացներ են, թեև հիմա ունենք այն, ինչ ունենք:

«Վերաքննիչ դատարանի գործողությանը կարող էր գնահատական տալ Բարձրագույն դատական խորհուրդը և շատ կարևոր կլիներ, որ դրան անդրադարձ լիներ, որովհետև սա արձանագրումն է նրա, որ Վերաքննիչ քրեական դատարանը այս դաշտ չպիտի ներխուժեր: Հետևաբար` այս իրավիճակում գործը վարույթ ընդունած դատարանը շարունակում է լինել վարույթի պատասխանատու: Պարզապես, երբ ՍԴ-ն վարույթ է ընդունում դրա պատճառահետևանքային կապով որոշակի գործողություններ կան: Առաջին՝ եթե կա կալանավորում, անձը (հեղ. այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը) պետք է անհապաղ ազատ արձակվի և երկրորդ՝ գործը պետք է կրկին կասեցվի»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը մերժել է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009–ի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով գործի քննությունը, ինչպես նաև Սահմանադրության 140-րդ (Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը) և 141-րդ (Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը) հոդվածների քննության հարցը։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր Ռոբերտ Քոչարյանի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը և ուղարկել էր Սահմանադրական դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել