ՍԴ-ն սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|
16:25 - 17 հուլիսի, 2019

ՍԴ-ն սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցնցվել է Վահե Գրիգորյանի նամակից:

«Անկեղծ ասեմ՝ Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց, որովհետև ես, այդ նամակը կարդալով, հասկացա, որ 2018 թվականին տրանֆորմացիայի շրջանում, բոլորս ֆիքսվել էինք Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և գուցե մասնագիտական գիտելիքների կամ նրբությունների իմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում», - «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը բնորոշել էր ճգնաժամային և նամակ գրել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին` նշելով ճգնաժամի հիմքերն ու պատճառները:

Փաշինյանը նկատեց, որ խոսքը, մասնավորապես, այն մասին է, 2015 թվականին Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հայտարարել էին, որ նոր Սահմանադրությունը երկրի ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է ենթադրում:

«Կար վստահության ճգնաժամ ՍԴ նկատմամբ և Սահմանադրության տեքստի հեղինակներն ասում էին, որ ՍԴ դատավորները պետք է ընտրվեն ոչ թե ցմահ կամ մինչև 65 տարին, այլ՝ 12 տարով, ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ, այլ՝ ՍԴ կողմից՝ 6 տարի ժամկետով», - ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այսօր ունենք այնպիսի Սահմանադրական դատարան, որը չի համապատասխանում գործող Սահմանադրությանը:

«Մենք չունենք այս Սահմանադրական դատարանը, որովհետև նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ ՍԴ երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ ներիշխանական մանիպուլյացիայի արդյունքում. տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը՝ Սերժ Սարգսյանը՝ վարչապետի, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը», - հավելեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հարությունյանի հրաժարականից հետո ԱԺ կողմից ՍԴ անդամ, հետո նախագահ առաջադրվեց և ընտրվեց Հրայր Թովմասանը: Փաշինյանը նշեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ առկա են սահմանադրական դրույքներ, բայց դրանք հնարավոր չէ կիրառել մինչև 2035 թվականը:

«Քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընդտրվել ՍԴ անդամ, նրանց վրա 2005 թվականի կարգավորումն է տարածվում, այսինքն՝ նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ՝ ցմահ կամ մինչև 65 տարի և նույնը վերաբերում է նաև ՍԴ նախագահին: Ստացվում է, որ մենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ չենք կարողանա ունենալ առնվազն մինչև 2035 թվականը, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, այնպես է գրել այդ տեքստը՝ Գագիկ Հարությանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված, որ ինքը մինչև 2035 թվականը մնա ՍԴ նախագահ: Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ սեփականաշնորհել է ՍԴ-ն, այնպես, ինչպես կարել է նոտարական գրասենյակ բռնել և սեփականաշնորհել», - նշեց Փաշինյանը:

Վերջինս նկատեց, որ 2019 թվականի Հաայստանը պետք է ունենա 2019 թվականին համապատասխան ՍԴ: Թե ինչ քայլեր պիտի տարվեն այդ ուղղուոյամբ, Փաշիյանն ասաց.

«Կարծում եմ, որ առաջիկայում գուցե ՍԴ հետ պիտի խոսի ԱԺ-ն, կամ չգիտեմ փորձագիտական հանրությունը, բայց ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել