Սահմանադրական դատարանի հերթը կգա, որոնք ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ. Նիկոլ Փաշինյան |civilnet.am|
09:25 - 20 ապրիլի, 2020

Սահմանադրական դատարանի հերթը կգա, որոնք ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ. Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց մի շարք թեմաների մասին։

Անդրադառնալով ուրբաթօրյա իր ուղերձի ուղիղ եթերին նախորդած կադրերի արտահոսքին՝ Փաշինյանը դա համեմատեց «խորհրդային ժամանակների ընկալումների հետ, երբ երեխեքը մտածում էին՝ դասատուները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում և այդպես շարունակ»։

«Որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն են թողնում։ Իսկ ի՞նչ։ Շատ վատ երևույթ է տեղի ունեցել, բայց էդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե էն ամեն ինչի մասին, որ երևում է կադրում։ Իսկ կադրում երևում է սովորական աշխատանքային մի իրավիճակ, որ խնդիր կա կարգաբերել սուֆլյորի արագությունը»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով արտահոսած կադրերում իր հազալու թեմայի մասին՝ ասաց, որ գործընկերների խորհրդով կորոնավիրուսի երրորդ թեստն է հանձնել և կրկին՝ բացասական արդյունքով։

Անդրադառնալով հայտարարություններին, թե ատելության մթնոլորտ է սերմանվում երկրում՝ Փաշինյանն ասաց․ «Հեղափոխությունից հետո ոչ մի բան չէր խանգարում, հենց հեղափոխության ժամանակ, հատ-հատ էդ մարդկանց տներից հանել և սամասուդ անել բառիս բուն իմաստով։ Ոչ մի բան չէր խանգարում»։

«Էսօր էլ [ոչ մի բան] չի խանգարում հոխորտացող թափթփուկներին սամասուդի ենթարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա իրենք չեն արել անգամ 2018-ի ապրիլի 23-ից հետո, երբ դեռ իշխանություն չէին, բայց նաև արդեն ընդդիմություն չէին։

«Մենք ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու, լինելու է սիրո և համերաշխության հեղափոխություն։ Կադրային ջարդ չի լինելու։ Եվ պահել ենք մեր խոսքը։ Ճիշտ ենք արել, որ պահել ենք մեր խոսքը։ Տուժե՞լ ենք դրանից։ Այո՛»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը դժգոհ է եղել հակակոռուպցիոն շատ գործերի բացահայտման ուղղությամբ առաջընթացից, և այժմ որոշ գործերում «ոնց որ թե կոնկրետ արդյունքներ են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպաների մեջ են»։

«Ես չեմ ուզում մանրամասներ ասել։ Նրանք հիստերիկ նոպաների մեջ են։ Իշխանության ներսում էլ լիքը մարդ ունեն, իրավապահ համակարգում էլ լիքը մարդ ունեն։ Ունեն, որովհետև մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու և շանս ենք տվել բոլորին։ Բայց հիմա էդ ժամանակը սպառվել է։ Վենդետաներ էլի չեն լինելու, կադրային ջարդ չի լինելու, բայց պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրվի․․․ ու մեզ ոչ մեկ այլևս չի կարող մեղադրել, որովհետև էդ շանսը ունեցել են բոլորը։ Չեն օգտագործել, մեղքը իրենց վիզը»։

«Թող որևէ մեկը չմտածի, որ ճգնաժամով կամ որևէ այլ բանով պայմանավորված մենք որևէ մեր հայտարարած նպատակի կես ճամփին կկանգնենք։ Տարբերակ չկա։ Հատ-հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար։ Հեսա Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն էլ կընդունվի և գողացվածը․․․»։

«Հիմա գալիս է էդ վնգստացող դատավորների հերթը, որոնք արդեն պետք ա վեշերները հավաքեն։ Հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու ա, որովհետև ես ընդհանրապես կասկածելու որևէ տեղիք չունեմ։ Էս պրոցեսը կարող է կանգնեցնել միայն ժողովուրդը։ Քանի դեռ ժողովուրդը չի կանգնեցրել, բոլոր կոռուպցիոներները կագնելու են դատարանի առաջ։ Այո՛, ապօրինի ձեռք բերած տներն ու դղյակները ձեռներից առնելու ենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել