Lragir.am: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը Հայաստանում տեսնում է ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք կհանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացների, որոնք քննարկման առարկա կդարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հիշեց, որ Գրիգորյանը հարցազրույցներում նշել է, որ Հայաստանի համար ամենահարմար կառավարման ձևը նախագահականն է: Իսայանը հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը գործող Սահմանադրությամբ, և արդյոք տեսնում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն:

«Ես ձեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասացի, որ Հայաստանն ունի ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք անհրաժեշտաբար պետք է հանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացի, որը պետք է քննարկման առարկա դարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: Ես կուզեի, որ մենք բոլորս համաձայնվեինք, որ 2015-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը ընդունվելու փաստով և ձևով բացասական ասոցիացիաներ է առաջացնում: Սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ երբ ներկայացվի կառավարման դասական խորհրդարանական և դասական նախագահական մոդել, իր նախապատվությունը՝ որպես իրավաբան և քաղաքացի, կտա նախագահականին: Սակայն նա շեշտեց, որ չի պնդում, թե անհրաժեշտաբար Հայաստանը պետք է փոխվի նախագահական կառավարման կարգի, քանի որ դա որոշում է ժողովուրդը: «Եվ եթե մարդիկ ընտրեն այդ կառավարման մոդելը, համապատասխանաբար հաջորդ փուլում պետք է ներկայացվի կատարյալ, ավելի հղկված Սահմանադրության տեխնիկապես մաքուր տեքստը, որը պետք է ընդունվի և կիրառվի: Եթե հանրաքվեի արդյունքում հաստատված մնա այս կառավարման մոդելը, մենք կհամարենք, որ սա այլևս քննարկումից դուրս է, և ցանկացած փոփոխություն պարզապես տեխնիկական է»,-նշեց թեկնածուն: