Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ․ Նիկոլ Փաշինյան
22:54 - 20 փետրվարի, 2020

Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խոսեց սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին։ Ըստ վարչապետի՝ շատ կարևոր է սահմանադրական իրականություն ունենալը, քանի որ Սահմանադրության մեջ գրված է մի բան, իսկ իրականությունը լրիվ այլ է։

«2015 թ․ ընդունված և 2018 թ․ ապրիլի 9-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մոդել, որն արժանացել է բոլոր միջազգային կառույցների բարձր գնահատանքին։ Ի՞նչ է նախատեսված այդ մոդելով ՍԴ-ի քաղաքականացվածությունն և կուսակցականացվածությունն էականորեն չեզոքացված են, ՍԴ դատավորի գործունեության ժամկետը սահմանափակված է, 12 տարի է, և ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ ՍԴ-ն 6 տարի ժամկետով»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ եթե հիմա որևէ փոփոխություն չանենք Սահմանադրության մեջ, ներկայիս կարգով գործող ՍԴ չենք ունենա մինչև 2035 թվականը։

Այն հարցին, թե ինչու է հանրաքվեի դրվում միայն մի հարց, եթե արդեն մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, վարչապետը պատասխանեց․

«Գլոբալ սահմանադրական փոփոխությունները շատ լուրջ, խորքային, բովանդակային փոփոխություն են ենթադրում, և երբ խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, խոսում ենք գործող Սահմանադրության զարգացման մասին, իսկ գործող Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ։ Մենք ուզում ենք այսօր եղած Սահմանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել