«Սանիթեք»-ի մատակարար ընկերությունները պահանջում են իրենց գումարները |news.am|
10:58 - 04 հոկտեմբերի, 2019

«Սանիթեք»-ի մատակարար ընկերությունները պահանջում են իրենց գումարները |news.am|

news.am։ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրեր կնքած մատակարար ընկերությունները հավաքվել են Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում են իրենց գումարները, որոնք պետք է վճարի «Սանիթեքը», սակայն չի վճարում:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ շուրջ 64 մատակարար ընկերությունները պատշաճ կատարել են իրենց պարտականությունները 2014-ից մինչեւ 2019-ի օգոստոսի 31-ը. «Հաջորդ օրը պարզվել է, որ «Սանիթեքը» չի աշխատում, ֆինանս չունի: Մենք ոչ մեկս դրա մասին տեղեկացվասծ չենք եղել:

Քանի որ այդ ժամանակ «Սանիթեքի» աշխատակիցներն էին բողոքի ակցիաներ անցկացնում, մենք որոշեցինք թողնենք, որ նախ իրենք ստանան իրենց աշխատավարձը, հետո նոր մենք կբարձրաձայնենք մեր հարցերը: Հիմա հարց է առաջացել, որ 63-64 մատակարար այս պահի դրությամբ խաբված են իրենց զգում:

Այն ներուժը, որ ունեցել է «Սանիթեքը», ունեցել է իր մատակարարների շնորհիվ: Հիմա կարծես ամեն բան լուծվել է, քաղաքապետարանը խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, աշխատակիցներն ստացել են իրենց աշխատավարձը, բայց այն, որ «Սանիթեքը» կարողացել է մաքրել քաղաքն այսքան ժամանակ, դա մատակարարների շնորհքն է:

Հիմա մենք գիտենք, որ պետք է դատի տանք եւ այլն, դա ընթացքի մեջ է, բայց մենք նաեւ գիտենք, որ մենք «Սանիթեքից» ոչ մի բան էլ չենք կարող ստանալ, որովհետեւ բազմաթիվ, միլիոնավոր պարտքեր ունի»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք հավաստիացրին, որ չեն եկել կառավարությունից փող ուզելու. «Ուզում ենք մեր կառավարության, քաղաքապետարանի հետ հասկանանք, թե ինչ կարելի է անել, որ մենք ստանանք մեր գումարները: Սա ավելի շատ ոչ թե գումարի հարց է, այլ երկրի վարկանիշի, որովհետեւ խոսքը 64 մատակարարի մասին է:

Նամակ ենք հանձնելու ու գնանք «Սանիթեք», տեսնենք, թե ինչ կարող ենք անել: «Սանիթեքից. Ասում են՝ ոչինչ չենք կարող անել, փող չունենք, դատի տվեք, միգուցե մեկ տարի հետո ինչ-որ մի բան լինի»:

Նրանք հավելեցին, որ խոսքն ընդհանուր առմամբ, 122 մլն դրամի մասին է, բայց լրացուցիչ հաշվարկներով դա կարող է հասնել մինչեւ 300 մլն դրամի:

«Մենք փաստացի գիտենք, որ «Սանիթեքից» ոչ մի բան չենք կարող ստանալ: Ակնկալում ենք կառավարության աջակցությունը, թե ինչ կարող ենք անել: Դատի էլ ենք տալու: Մենք չենք եկել կառավարությունից մեր փողերն ուզենք, բայց ուզում ենք հասկանալ՝ մենք հիմա մենա՞կ ենք, թե՞ մեր հետեւում մեր պետությունը կանգնած է: «Սանիթեքի» հետ միշտ էլ խնդիրներ եղել են, մենք շատ զիջումների ենք գնացել, ամիսներով փող չեն տվել, բայց սա արդեն վերջնակետն է»,ասացին նրանք:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ հորդորելով «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ երեւանցիներին ուղղված տեսաուղերձում հայտնել է, որ ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել