«Սասնա Ծռեր» կուսակցություն՝ «Հոկտեմբերի 27»-ի եւ ապրիլյան պատերազմի մասին
09:30 - 01 ապրիլի, 2019

«Սասնա Ծռեր» կուսակցություն՝ «Հոկտեմբերի 27»-ի եւ ապրիլյան պատերազմի մասին

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել։


Հայտարարությունում ասվում է.

«Որքան էլ ցավալի է, ստիպված ենք փաստել, որ Ապրիլյան քառօրյան հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի եւ նրա Ստեփանակերտյան մասնաճյուղի դավաճանության շնորհիվ: Դա պայմանավորված պատերազմ էր, որ կոչված էր ապահովելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը, ինչի դիմաց Կրեմլի ենթակայությամբ գործող Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը նպատակ ուներ երկարաձգելու իր կառավարումը:

Ապրիլյան քառօրյայից առաջ եւ հետո Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները: Բացի այդ, Ապրիլյան քառօրյայից մինչեւ 2016 թ. հուլիսի 17-ը՝ մինչեւ Սասնա Ծռերի ապստամբության օրն ընկած ժամանակահատվածում, նա առնվազն չորս անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ նպատակային հանդիպումներ է ունեցել եւ ի վերջո այդ շրջանակի գերակշիռ մեծամասնությանը հակել է ազատագրված տարածքները հանձնելու տեսակետին:

Այսպես կոչված Լավրովյան պլանով այս հայակործան ծրագիրն իրականացնելու քայլերի մասին հետագայում փաստվել է օտարների, այդ թվում՝ Բելառուսի Նախագահ Ա. Լուկաշենկոյի, ինչպես նաեւ Արցախի ռազմաքաղաքական շրջանակների ուղղակի եւ անուղղակի հայտարարություններով:

Դեռեւս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել:

Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլեւ արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու եւ նրան հակահարված տալու նպատակով:

Մասնավորապես,

ՀՀ տարածքում չի հայտարարվել զորահավաք,
հրետանին աշխատել է զգալի ուշացումով, իսկ հակահարձակման վերաբերյալ ստորին եւ միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցվել ու արգելվել են, դիրքապահ անձնակազմին հրամայել են նահանջել եւ թողնել դիրքերը.
հակառակորդի հարձակման եւ ճակատի ամբողջ գծով ընթացող լայնածավալ մարտական գործողությունների մասին խաղաղ բնակչությանն ընդհանրապես չեն տեղեկացրել, ինչի հետեւանքով քաղաքացիական կյանքն ընթացել է իր հունով եւ, որպես հետեւանք՝ բնակչության շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ.

յուրային ժողովրդի նկատմամբ զուգահեռաբար կազմակերպվել է ապատեղեկատվական պատերազմ՝ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած տարածքային եւ այլ կորուստները թաքցնելու նպատակով, հրադադարի վերահաստատումից հետո զորքերում նույնիսկ լուրեր էին շրջանառում, որ պաշտպանության համակարգի բարձրաստիճան սպաների միջոցով շարքերում տարածում են պարտվողական եւ ազատագրված տարածքներ զիջելու տրամադրություններ:

Հակառակ դրան՝ դիրքապահ անձնակազմը եւ ժողովուրդն իր գերիշխան որոշմամբ փաստացի յուրօրինակ արտակարգ դրություն է հայտարարել եւ իր ինքնամոբիլիզացմամբ ռեժիմին հարկադրել է հետ կանգնելու դավաճանությունից: Ռեժիմը նույնիսկ ստիպված եղավ գերիշխանի կամքին համահունչ որոշ իմիտացիոն քայլեր կատարել, որոնցից, բնականաբար, հետագայում հրաժարվեց:

Երբ Ժիրայր Սէֆիլյանը բացահայտեց պայմանավորված պատերազմի ծալքերն ու կորուստները, իսկ այնուհետեւ կամավորների հավաք նախաձեռնեց հակառակորդի գրաված տարածքներն ազատագրելու նպատակով, Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ գործընթացն ի վերջո ավարտվելու է դավաճանության բացահայտմամբ եւ իր ու մյուս դավաճանների պատասխանատվությամբ, շինծու մեղադրանքով կալանավորեց Ժիրայր Սէֆիլյանին:

Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ այսպես կոչված Լավրովյան պլանը Ապրիլյան պայմանավորված պատերազմով, իսկ դրա ձախողումից հետո՝ համանման մեկ այլ սցենարով ավարտին հասցնելու համար:

Դա կանխելու նպատակով 2016 թ. հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ապստամբությամբ եւ նրա համաժողովրդական աջակցությամբ գերիշխան ժողովուրդը երկրորդ անգամ խափանեց Արցախի եւ ՀՀ ինքնիշխանության հանձնման այդ պլանը:

Ներկայումս, երբ գերիշխան ժողովուրդն իր երրորդ՝ 2018 թ. ապրիլ-մայիսյան գործողությամբ հեռացրել է ազգադավ ու ոճրագործ ռեժիմին եւ վերահաստատել է իր կամքը, ժողովրդային կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի մարդկային, տարածքային, քաղաքական եւ նյութական ծանր կորուստներ առաջացրած Ապրիլյան պայմանավորված պատերազմի պատճառները բացահայտելը եւ դրանց պատասխանատուներին պատժելը:

Անցյալին ամբողջական հայացքով նայելու, նրան ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու եւ դրա հիման վրա Անցումային արդարադատություն իրականացնելու գործը չի կարելի ուշացնել:
Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը եւ Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը, այդ թվում՝ Սասնա Ծռերի ապստամբությունն ու Թավշյա հեղափոխությունը՝ այդ շղթան խզելու գործողություններ:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր դիմել Է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝ Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի եւ Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել