Սա նաև վստահության հանրաքվե կլինի իշխանության համար |lragir.am|
05:32 - 07 փետրվարի, 2020

Սա նաև վստահության հանրաքվե կլինի իշխանության համար |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։

Ընդդիմադիրները բարձրաձայնում էին, որ ՍԴ խնդրի լուծման այն տարբերակը, որ ընտրել է իշխանությունը, հակասահմանադրական ու հակաիրավական է։

Սա կոնկրետ Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխություն է, և որպեսզի այդ փոփոխությանը բարձր լեգիտիմություն ապահովենք, մենք իրացնում ենք Սահմանադրության երկրորդ հոդվածի առաջին մասը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ցանկացած օրենք, իրավական ակտ պետք է բխի ժողովրդի շահերից։ Վստահ եմ, որ սրա հետ բոլորը համաձայն են։ Եթե այդ իրավունքը բխում է ժողովրդի կամարտահայտությունից, նա չի կարող լինել հակաօրինական կամ հակասահմանադրական։

Այո, Սահմանադրությամբ մենք այսօր ունենք փակուղային իրավիճակ, որովհետև 2015-ի սահմանադրական փոփոխություններով ուղղակիորեն ԱԺ-ից խլվել են իր իրավասությունները, որոնք Սահմանադրության 168 հոդվածի երկրորդ մասում են ամրագրված և 169 հոդվածի առաջին կետում։ Փաստացի ստացվում է, որ եթե որևէ փոփոխություն ցանկանանք իրականացնել, պետք է անպայման դիմենք ՍԴ։ Այստեղ մեկ բաց կա. երբ խոսվում է, որ ԱԺ չի քվեարկում, ապա պատգամավորների 3/5-ի որոշումով կարող է այն ուղարկվել հանրաքվեի, բայց չի խոսվում՝ առաջին ընթերցումի՞ց, թե երկրորդ ընթերցումից հետո։ Մենք օգտվել ենք այդ փոքրիկ բացից։

Այո, դա վիճելի է, հակառակ պարագայում մենք ունենք փակուղի վիճակ, և սրա հետ համաձայն են շատ սահմանադրագետներ, որ առանց Սահմանադրությունը շրջանցելու այս վիճակին հնարավոր չէ լուծում տալ։ Սա է պատճառը, որ ԱԺ-ն կամ կառավարող խմբակցությունը չի գնում միանձնյա որոշման։ Մենք չենք ուզում իշխանությունը կենտրոնացնել մեր ձեռքում, բայց այն, որ իշխանության մեջ պետք է աշխատի զսպման և հակակշիռների մեթոդը, և այժմ այդ իշխանությունը գերկենտրոնացած է ՍԴ-ում, դա վիճելի չէ։ Սա է պատճառը, որ մենք հարցն այսօր դնում ենք հանրաքվեի։

Որքանո՞վ է տրամաբանական 1-2 տարվա ընթացքում երկու հանրաքվե իրականացնել, որովհետև մենք գիտենք, որ նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է ձևավորվել, որը պետք է աշխատի։

Այո, աշխատանքային խումբն աշխատում է Սահմանադրության վրա, և դա հարց է՝ մենք կունենանք սահմանադրական փոփոխություններ, թե նոր Սահմանադրություն։ Իսկ այստեղ խոսքը կոնկրետ մեկ հոդվածի մասին է, և եթե մենք իսկապես ուզում ենք զարգացնել հանրաքվեի ինստիտուտը, իրացնել ուղիղ ժողովրդավարության միջոցով, ապա սա լավագույն տարբերակն է։

Հանրության մեջ պահանջ կա՞ օր առաջ ՍԴ-ի խնդիրը լուծելու։

Մենք ոչ թե ՍԴ-ի հարցն ենք լուծում, այլ երկիրը բերում ենք Սահմանադրության դաշտ։ Այստեղ շատ կարևոր տարբերություն կա. մենք ոչ թե կոնկրետ իշխանության ճյուղի կամ անդամներին ենք փորձում տուն ուղարկել, այլ փորձում ենք երկրում իրապես ստեղծել իշխանության երեք ճյուղերի տարանջատում, որն այսօր խախտված է։ Կա՞ այդ պահանջը. Եթե կա, ապա այն կարտահայտվի հանրաքվեի միջոցով։ Շատերին թվում է, թե հանրաքվեն շատ հեշտ և դյուրին մեթոդ է։ «Հանրաքվեի մասին» օրենքը ասում է, որ հանրաքվեն համարվում է կայացած, եթե քվեարկում է հանրաքվեին մասնակցություն ունեցողների առնվազն 25 տոկոսը, դա մոտավորապես 650 հազար մարդ է։ Մենք շատ մեծ պատասխանատվության տակ ենք այսօր մտնում, ու սա անում ենք գիտակցաբար։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել